շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հետխորհրդային տարածքում Երևանը միակն է շինթույլտվությունների նման ահռելի տուրքերով. Գուրգեն Գրիգորյան

Հետխորհրդային տարածքում Երևանը միակն է շինթույլտվությունների նման ահռելի տուրքերով. Գուրգեն Գրիգորյան

Երևանում գոտիներ կան, որտեղ շինթույլտվության տեղական տուրքի ու վճարի հանրագումարային թիվը 5–6 անգամ գերազանցում է շահութահարկը։ Այս մասին այսօր ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

«Սրանից հետևում է, որ կառուցապատողները կա՛մ էականորեն կբարձրացնեն վաճառվող տների գները, կա՛մ կառուցապատմամբ զբաղվելն առնվազն ձեռնտու չի լինի բիզնեսի համար, ու նրանք իրենց բիզնեսը զարգացնելու համար կգնան այլ երկրներ»,– ասաց նա: Ըստ Գրիգորյանի` շատերն արդեն հրաժարվել են ներդրումներից, քանի որ երաշխիք չունեն, որ վաղը նոր տուրքեր չեն սահմանվի պետական գրանցման կամ հասցեի տրամադրման համար։

Գուրգեն Գրիգորյանը նաեւ նշեց, որ կառուցապատողների համար տուրքերի, վճարների փոփոխությունների պատճառով առաջացած հետևանքների մեղման համար իրենց ասոցիացիան բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել Երևանի քաղաքապետարանին, դրանից միայն երկուսն է քաղաքապետարանն ընդունել։

Մեկը վերաբերում է 2024 թվականի համար՝ նախկինում տրամադրված շինարարության թույլտվությունների հնարավոր երկարաձգումների տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելուն, մյուսը՝ 2024 թվականի համար՝ տրամադրված ճարտարապետաշինարարական նախագծերի համաձայնեցման տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելուն։ Առաջին դեպքում կիրառվել է 90 տոկոս արտոնություն, երկրորդ դեպքում՝ 100 տոկոս։

«Ուզում եմ հատուկ բարձրաձայնել, մեր կողմից իրականացվել է ուսումնասիրություն հետխորհրդային երկրների մայրաքաղաքների, խոշոր քաղաքների  առումով։ Պարզել ենք, որ Երևանը միակն է, որ աչքի է ընկնում նման տուրքեր ու վճարներ սահմանելու հարցում։ Հետխորհրդային որևէ երկրի որևէ քաղաքում նման ահռելի տուրքեր և վճարներ չկան սահմանված։ Նշված քաղաքներում բոլոր քաղաքաշինական թույլտվություններն անվճարեն կամ սահմանված են սիմվոլիկ գումարներ»,-ասաց նա։

Մյուս խնդիրը, որին անդրադարձավ իր խոսքում Գ. Գրիգորյանը, վերաբերում է գոտիավորմանը։

«Ինչպես նշեց պարոն Սաքապետոյանը, ավելի գրավիչ է շինարարության իրականացումը Կենտրոնում, քանի որ շահութաբերությունը բարձր է, իսկ այդ դեպքում տուրքի կշիռը այնքան էլ մեծ բեռ չէ կառուցապատողի համար, մինչդեռ

Երևանի ծայրամասերում կառուցապատում իրականացնելը դառնում է անհնարին, քանի որ այնտեղ իրականացվու է էկոնոմ դասի բնակարաշինարարություն, և տուրքի կշիռը էական է»,- ընդգծեց ՀԿ նախագահը։

Ըստ կառուցապատողների, կա գոտի, որտեղ կառուցապատման բոլոր տուրքերը ու վճարները միասին՝ կանխատեսվող նախահաշվային շահույթից ավելի մեծ գումար են կազմում, մասնավորապես՝ 109 տոկոս:

«Ստեղծված իրավիճակը դրդում է կառուցապատողներին այս ոլորտում գործունեություն չիրականացնել, համապատասխանաբար՝ չապահովել տնտեսական ակտիվություն, աշխատատեղեր, հարկային մուտքեր և այսպես շարունակ»,-ասաց նա։

ՀԿ նախագահը նշեց, որ նման փոփոխությունները հանգեցնում են անկանխատեսելիության, ինչն էլ իր հերթին վախեր է առաջացնում ներդրողների մոտ։

«Ձևավորվում է անկանխատեսելի ու նեգատիվ ներդրումային միջավայր, ինչը նշանակում է՝ խաղի կեսից կանոնների փոփոխություն, որն անթույլատրելի է ու հղի է ծանրագույն հետևանքներով: Մեզ հետ զրույցում մարդիկ շատ դիպուկ օրինակ են բերել. այս իրավիճակը նման է մի երևույթի, որ անձը ձեռք բերի ինքնաթիռի տոմս Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ 200 դոլարով, սակայն թռիչքի կեսից տեղեկանա, որ օրինակ թռիչքի օդանավ նստելու գինը սահմանվել է 50,000 դոլար և այն պետք է վճարի: Առնվազն հողամաս ձեռք բերած և ներդրումներ կատարած անձանց համար պետք է սահմանել անցումային դրույթներ, ինչը բացակայում է»,-ասաց Գրիգորյանը։

Նա կանխատեսեց, որ այս ոլորտում առաջացող տնտեսական հետևանքներից տուժելու են տնտեսության բոլոր ճյուղերը՝ բանկերից սկսած, գյուղատնտեսությունով և մանրածախ առևտրով վերջացրած:

Նշենք, որ Երևանի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում ընդունել է որոշումներ Երևանում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին։ Շինթույլտվության փաստաթուղթ ստանալու համար նախկինում վճարվող 700․000 դրամի փոխարեն կառուցապատողները ստիպված են վճարել մի քանի անգամ ավել գումար։

  • Կիսվել: