կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Առաջին ատյանի դատարանի 206 դատավորի աշխատավարձը 60 տոկոսով կբարձրանա. նախագիծ

Առաջին ատյանի դատարանի 206 դատավորի աշխատավարձը 60 տոկոսով կբարձրանա. նախագիծ

ՀՀ-ում գործող դատարաններից ամենածանրաբեռնված օղակի՝ Առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձերը կբարձրացվեն: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 27-ի նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

«ՀՀ-ում ունենք գործող 300 դատավոր, և եթե այս նախագիծը հաստատվի, 206 դատավորի աշխատավարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա. դա Ընդհանուր իրավասության դատարանն է, Վարչական դատարանն է և Սնանկության դատարանն է:

Այս փոփոխությունը կբերի նրան, որ այս գերծանրաբեռնված օղակն ավելի գրավիչ կլինի մեր մասնագետների համար, քանի որ վերջերս մեր իրականացրած փոփոխության արդյունքում հնարավորություն ստեղծվեց, որ պարտադիր՝ մոտավորապես 1 տարվա ուսուցումը կրճատվի, և նոր, ավելի բարդ, միջազգային ստանդարտներին համապատասխան քննություն հանձնելով՝ մեր 5 տարվա մասնագետները, որոնք կարող են լինել թե՛ պետական համակարգից, թե՛ պրոֆեսիոնալ փաստաբաններ, կարող են գալ, քննություն հանձնել և միանգամից դառնալ դատավոր: Եվ այս նոր նշաձողը, որ սահմանում ենք, իսկ, ըստ էության, հավասարեցնում ենք Հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձին, է՛լ ավելի գրավիչ կդարձնի այս ուղղությունը»,- ասաց Գրիգոր Մինասյանը:

Ըստ նախարարի՝ միջազգային գործընկերները և միջազգային ստանդարտները վկայում են, որ նման երաշխիքների ապահովումը, երբ լինում է շարունակական, նպաստում է ոլորտի կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալուն:

«2022-ին կառավարությունն արդեն իսկ բարձրացրել է Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձը: Ունենք նաև բարձր աշխատավարձերով նորաստեղծ եռաստիճան Հակակոռուպցիոն դատարանը, և, ըստ էության, այս փաթեթային լուծումն ավարտին հասցնելուց հետո մնում է ընդամենը 1 օղակ՝ Վերաքննիչ դատարանը, որը շատ քիչ թվով դատավորներ են՝ շուրջ 65 դատավոր»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ կարող են որոշակի քննադատություններ լինել, չնայած դատավորների աշխատավարձերը բարձրացվում է թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո:  

«Դատավորների աշխատավարձը և ընդհանարապես պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնում ենք քաղաքացիների համար, որովհետև քաղաքացիներն են, որ օգտվում են պաշտոնյաների ծառայությունից: Եվ դատական համակարգում մեր աշխատավարձի բարձրացումը մեր քաղաքականությունն է՝ շարունակական:

Իհարկե, մենք ժամանակին նաև խոստացել ենք, երբ որ Հակակոռուպցիոն դատարանը ստեղծում էինք, և Հակակոռուպցիոն կոմիտեի, Հակակոռուպցիոն դատարանի աշխատավարձերի նոր սանդղակ էինք սահմանում, այդ ժամանակ այդ մտահոգությունները կային, որ մենք անհամաչափություն էինք ստեղծում, բայց մենք ասում էինք, որ ընդհակառակը՝ մենք այդ նշաձողը սահմանում ենք հետագայում այլ օղակներում նույնպես այդ աստիճանին հասնելու համար, ինչը մենք, ըստ էության, անում ենք»,- ասաց նա:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում, կախված բյուջետային հնարավորություններից, անդրադարձ կլինի նաև Վերաքննիչ դատարանին:

«Մեզ համար աշխատավարձերի փոփոխությունը կարևոր է և պետք է ենթադրի նաև բովանդակային փոփոխություններ»,- ասաց վարչապետը, ապա հավելեց, որ այս ամենի համատեքստում կարևոր է անկախ դատական համակարգ ունենալը:

Նշենք, որ աշխատավարձերի բարձրացումը 2024 թվականի հունվարի 1-ից կգործի:

  • Կիսվել: