երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հաշվեքննիչ պալատն էկոնոմիկայի նախարարության 2022-ի պետբյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքում խախտումներ է բացահայտել

Հաշվեքննիչ պալատն էկոնոմիկայի նախարարության 2022-ի պետբյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքում խախտումներ է բացահայտել

2022 թվականին Էկոնոմիկայի նախարարության դրամարկղային ծախսը կազմել է 53 միլիադ 353 միլիոն դրամ, հաշվեքննվել է 41 միլիարդ 450 միլիոն դրամը, հաշվեքննված միջոցառումների թիվը եղել է 12: Այդ մասին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին զեկուցեց ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը էկոնոմիկայի նախարարության 2022-ի պետբյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնելիս:

«Հաշվեքննության ենթարկված միջոցառումների շրջանակում արձանագրվել է ավելի քան 30 առանձին դեպքով անհամապատասխանություն, իսկ արձանագրված անհամապատասխանությունների արդյունքում բացահայտվել է տարբեր հաշվետվությունների և ֆինանսական ցուցանիշների խեղաթյուրման 12 դեպք 601 միլիոն դրամի չափով: Դրանցից մեկն արդեն վերացվել է, 3-ը ընթացքում են:

Արձանագրվել են նաև 5 այլ փաստեր, որոնք պարունակում են որոշակի ռիսկեր, և, ըստ էության, դա է եղել պատճառը, որ դրանք տեղ են գտել ընթացիկ եզրակացությունում, քանի որ մեր կարծիքով՝ դրանց բացահայտումը կարող է օգտակար լինել նախարարության համար»,- ասաց Առուստամյանը:

Նա նաև թվարկեց ոլորտները, որոնց շրջանակում արձանագրվել են խախտումներ: Դրանցից մեկը, օրինակ, խաղողի ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար աջակցության ծրագրին է վերաբերում, որի շրջանակում 36 շահառուների աշխատանքները չեն համապատասխանել նախարարության սահմանած չափորոշիչներին և պահանջներին:

Մյուսը վերաբերում է լիզինգի աջակցության ծրագրում տոկոսային կետի մասով խախտումներին, տոկոսադրույքների սուբսիդավորմանը:

Խախտումներ են արձանագրվել նաև գյուղատնտեսական հումքի մթերումների, գնումների նպատակով տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծրագրում. խախտվել են վարկերի մարման ժամկետների մասով կնքված պայմանագրերը:

Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության արդյունքում նաև մի շարք առաջարկներ է ներկայացնել էկոնոմիկայի նախարարությանը:

  • Կիսվել: