ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Համատիրության նախագահը 18 անձի կեղծ տեղեկանքներ է տրամադրել. Գործն ուղարկվել է դատարան

Համատիրության նախագահը 18 անձի կեղծ տեղեկանքներ է տրամադրել. Գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է համատիրության նախագահի կողմից փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի «Մուշ» համատիրության նախագահը, 2019թ. ընթացքում իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ձևաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ լրացնելով, ստորագրել, համատիրության կնիքով կնքել և 18 անձի տրամադրել է փաստացի բնակության վերաբերյալ կեղծ տեղեկանքներ, որոնք վերջիններս ներկայացրել են ՀՀ ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման քննական բաժանմունք ու դրանց հիման վրա իրենց անվամբ  հաշվառել ավտոմեքենաներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համատիրության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ միասնական դիտավորությամբ, շարունակաբար, այլ անձանց կողմից օգտագործելու նպատակով, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր՝ փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանքներ, կեղծելու համար:

Համատիրության նախագահի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

Կեղծ տեղեկանքներն ստացած 18 անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: