հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Հակակոռուպցիոն կոմիտեի և IDLO-ի կապերը կընդլայնվեն. Սասուն Խաչատրյանն ընդունել է Ֆրանկո Սանչես-Հիդալգոյին

Հակակոռուպցիոն կոմիտեի և IDLO-ի կապերը կընդլայնվեն. Սասուն Խաչատրյանն ընդունել է Ֆրանկո Սանչես-Հիդալգոյին

Մայիսի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) ծրագրերի տնօրեն Ֆրանկո Սանչես-Հիդալգոյին և Երևանում IDLO գրասենյակի ղեկավար Օլենա Ռոդիոնենկոյին: Այդ մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են IDLO-ի հետ համագործակցության շրջանակում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների և օպերատիվ աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացների անցկացմանն ու միջազգային փորձագետների ներգրավմամբ փորձի փոխանակման ծրագրերին առնչվող հարցեր: Կոմիտեի նախագահի խոսքով՝ վերջին շրջանում կառույցի աշխատակիցների համար IDLO-ի աջակցությամբ պարբերաբար կազմակերպվող դասընթացներն իսկապես ծառայում են իրենց նպատակին՝ տալով շոշափելի արդյունքներ և նպաստելով մասնագիտական հմտությունների կատարելագործմանը:

Աշխատանքային այցով առաջին անգամ Հայաստանում գտնվող IDLO ծրագրերի տնօրեն Ֆրանկո Սանչես-Հիդալգոն և կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար Օլենա Ռոդիոնենկոն  շնորհակալություն են հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին արդյունավետ համագործակցության համար և վերահաստատել իրենց պատրաստակամությունը Կոմիտեի հետ գործընկերային կապերի ընդլայնման ու վերապատրաստման տարբեր ծրագրերով աջակցելու հարցում՝ դրանք համարելով հակակոռուպցիոն պայքարի միջոցառումների կարևոր բաղադրիչ:

  • Կիսվել: