Գործողություններ, որոնք մինչև 2035 թվականը թույլ չեն տալու ունենալ երազանքի Սահմանադրական դատարանը. վարչապետ
Գործադիրի նիստում հաստատվեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում՝ նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:
Ինչպես նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այս նախագծերի ընդունման նպատակը ՍԴ մոդելի կյանքի կոչումն է։
«Հաշվի առնելով Հայաստանում տարիներ շարունակ կոռուպցիայի բարձր մակարդակը, որն ազդեցություն է ունեցել դատական մարմինների ձևավորման վրա, խնդիր ենք դրել տարբեր գործիքներով ստուգել դատավորների և իրավապահների բարեվարքությունը։ Եվ, վաղ կենսաթոշակի ներդրումն այս ուղղությամբ հերթական քայլն է»,- ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ 2015 թ-ի սահմանադրական փոփոխություններով նախատեսված բոլոր դրույթներն ամբողջությամբ ուժի մեջ են մտել, բայց այդ դրույթները հնարավոր չէ իրականացնել առնվազն մինչև 2035 թվականը:
«Փաստորեն, սահմանադրական փոփոխությունների հեղինակները մի կողմից ասել են, որ երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը գտել ենք, բայց մյուս կողմից արել են գործողություններ, որոնք մինչև 2035 թվականը թույլ չեն տալու ունենալ այդ երազանքի Սահմանադրական դատարանը»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանում 10 տարին մեկ Սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացվում և, եթե այդ տրամաբանությամբ գնան, հնարավոր է, որ 2025 թ-ին նույնպես լինեն փոփոխություններ։ «Կստացվի, որ Հայաստանում ուժի մեջ սահմանադրական դրույթները չեն կիրառվում և սա թերևս իրավակիրառ պրակտիկայի աբսուրդներից մեկն է: Մենք այս օրենքով հնարավորություն ենք տալիս, որ այդ խնդիրը լուծվի։ Սրանով հնարավորություն ենք տալիս, որ մարդիկ աջակցեն իրենց իսկ երազանքի դատարանի գործելուն՝ առանց սոցիալական երաշխիքների կորստի»,- նշեց վարչապետը։