շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դատախազությունը՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Դատախազությունը՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Հայտարարությունում ասվում է․

«ՀՀ գլխավոր դատախազը օրենքով սահմանված կարգով կոնկրետ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բ. Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:

Ելնելով Դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված այն դրույթից, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն, քրեական գործի վերաբերյալ լրացուցիչ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել:

Ավելորդ շահարկումների տեղիք չտալու համար ընդամենը կարող եմ նշել, որ քրեական գործի շրջանակներում քննության առարկա հանգամանքներն ու փաստերը որևէ կապ չունեն Աշոտ Մինասյանի գործի հետ և վերաբերում են նշված դատավորի գործունեության հետ՝ կապված շատ ավելի վաղ կատարված դեպքին և շատ ավելի վաղ արված բացահայտումներին»:

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ԱԱԾ-ն ու Դատախազությունը Աշոտ Մինասյանին կալանքից ազատած դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդում են իրականացնում։

ԱԺ Հայաստան խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «դատավոր Բախշիյանի նկատմամբ իրավապահների գործողություններն ուղղված են ամբողջ դատական համակարգին շատ կոնկրետ «ազդակ» տալուն»։

  • Կիսվել: