ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գերությունից վերադարձած և կալանավորված զինծառայողները վերաքննիչ բողոք են ներկայացրել

Գերությունից վերադարձած և կալանավորված զինծառայողները վերաքննիչ բողոք են ներկայացրել

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված գերիներից լեյտենանտ Սերժիկ Ամիրխանյանի և պայմանագրային զինծառայող Ռոբերտ Նալբանդյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացված։ Այս մասին 24News-ին ասաց նրանց շահերի ներկայացուցիչներից փաստաբան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։  

Կալանավորված 4 գերիներից 2-ի շահերի ներկայացուցիչներն են նաև փաստաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Դավիթ Գալստյանը։

Մելիքյանն ասաց, որ երկուսի դեպքում էլ վերաքննիչ բողոք ներկայացվել է դեռևս հանրային պաշտպանների կողմից։ «Եվ մենք հիմա անհամբեր սպասում ենք վերաքննիչ դատարանի նիստերին։ Այս պահին դեռ չունենք ժամկետ, բայց սպասում ենք, որ մոտակա օրերը նիստեր կլինեն։ Հուսով ենք, որ դա կլինի 2021 թվականին։ Երկուսն էլ մեղքը չեն ընդունում, երկուսն էլ շատ վրդովված են այն վերաբերմունքով, որ նրանց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը դրսևորել է։ Ոչ միայն չեն ընդունում իրենց մեղքը, այլև շատ վրդովված են։ Դեռ մի կողմ թողնենք քրեական հետապնդումը, որը նույնպես մենք չենք համարում իրավաչափ, առհասարակ իրենց համար ընկալելի չէ, թե ինչպե՞ս կարող էր նրանց նկատմամբ ընտրվել կալանքը որպես խափանման միջոց», - ընդգծեց փաստաբանը։ 

Հարցին՝ դիրքերը պատշաճ կերպով կահավորված եղե՞լ են, երբ թշնամին հարձակում է գործել, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց․ «Ինչ վերաբերում է դիրքերը կահավորված եղե՞լ են, թե՞ չեն եղել, կարծում եմ՝ այդ հարցի պատասխանն առավել քան ակնհայտ է։ Մենք ունենք բազմնաթիվ փաստաթղթեր, որոնք հրապարակվել են մեր տարբեր դիրքերի հետ կապված, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից, տարբեր այլ հրապարակումներ ունենք։ Կարծում եմ՝ մեր քաղաքացիների համար առավել քան ակնհայտ է՝ ինչպիսին է եղել մեր դիրքերի կահավորման վիճակը»։

Մելիքյանը չասաց՝ արդյո՞ք դիրքապահներին եղել է չկրակելու հրաման։ «Դա բովանդակային հարց է, դա նախաքննական գաղտնիքի հետ կապված բովանդակություն ունի։ Այս մարդկանց ճակատագիրը մեր հասարակական կազմակերպության համար շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև նրանց նկատմամբ մեծագույն անարդարություն է այս պահին կատարվում։ Եվ մենք դրա մասին անպայման խոսելու ենք, բայց այն ժամանակ, երբ առավելագույն արդյունավետություն լինի», - եզրափակեց փաստաբանը։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով հայ զինծառայողներ էին գերեվարվել։ Նրանցից 10-ը դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի միջնորդությամբ վերադարձել էին Հայաստան։ Նրանցից 5-ին մեղադրանք է առաջադրվել, որոնցից 4-ը դատարանի որոշմամբ կալանավորվել են, մեկը՝ ոչ։ Վերջինի մասով ՔԿ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

  • Կիսվել: