ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եթե մի տեղ ունեմ գնալու, դա Արցախն է. դատվելուց չեմ վախենում

Եթե մի տեղ ունեմ գնալու, դա Արցախն է. դատվելուց չեմ վախենում

Ես չեմ կարողանում հասկանալ՝ իմ կալիբրի մարդը՝ երեք պատերազմներով անցած, 20 տարի մաքսային ծառայության ղեկավար աշխատած, հրամանատար, խելքս չէ՞ր կտրում ունենալ Կորնետ, Ֆագոտ, ե՞ս պիտի այդ հին զենքերը հավաքեի: Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Սա պրիմիտիվ հարց է, մի՞թե իմ կալիբրը դա է: Ես մարդ եմ, ով կապեր ունի տարբեր տեղերում, բա նման մարդը տանում, զենքերը լցնում է մի տեղ, հետո մտածում է այդ անտեր վիճակի մասի՞ն, ես չէի՞ կարող մի բիզնեսմենի, պատգամավորի կամ դատավորի խնդրեի այդ զենքերը պահել: Ես դատվելուց չեմ վախենում, չի մտահոգում, ինձ համար միշտ թանկ է եղել իմ հայրենիքի ճակատագիրը: Եթե մի տեղ ունեմ գնալու, դա Արցախն է. դատվելուց չեմ վախենում»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը քիչ առաջ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց:

Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխվեց՝ փոխարինվելով չհեռանալու մասին ստորագրությամբ։

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով դատական նիստը: Դատարանը քննարկել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու կամ փոփոխելու հարցը: Մինասյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու համար, իսկ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով քրեական հետապնդումը դադարեցվել է։

 

 

  • Կիսվել: