ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դավիթ Տոնոյանի կալանավորումն անփոփոխ թողնելու և անձնական երաշխավորության միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ փաստաբան

Դավիթ Տոնոյանի կալանավորումն անփոփոխ թողնելու և անձնական երաշխավորության միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ փաստաբան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշել է, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ վիճարկելով նաև հիմնավոր կասկածի առկայության հարցը, թեև քննության այս փուլում հիմնավոր կասկածին չեն անդրադառնում՝ հաշվի առնելով, որ մեղադրական եզրակացությունը հաստատված է, սակայն պաշտպանության կողմը տեսնում է դրա անհրաժեշտությունը, քանի որ, ըստ փաստաբանի, ապացույցները բազմապիսի են, որոնք հերքում են Տոնոյանի առնչությանը՝ մեղսագրվող արարքին։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև կալանավորման միակ հիմքին՝ խոչընդոտման հավանականությանը։

«Հետաքրքիրն այն է, որ առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ վկայակոչել է ԵԴ նախադեպային այնպիսի նորմեր, որոնք թույլ չեն տալիս արդեն իսկ քննության այս փուլում շարունակական կալանքը պահել։ Թվարկել է այդ նախադեպային որոշումները, դրանից հետո՝ դրան լրիվ հակառակ դիրքորոշում արտահայտել։ Զարմանալի է, թե ինչպես է նման դիրքորոշման դիմել դատարանը։

Մասնավորապես, նշել է, որ քննության հետագա փուլերում աստիճանաբար այդ խոչընդոտելու վտանգը նվազում է, պետք է ծանրակշիռ փաստարկներ, ապացույցներ լինեն, որը կհիմնավորի շարունակական կալանքի տակ պահելը, բայց սույն դեպքում որևէ նման տվյալ, ապացույց չի ներկայացվել, վերացական, ինչ-որ կանխատեսական մոտեցումների վրա հիմնված ենթադրություններ են արել և ներառել որոշման մեջ»,- նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չկա որևէ մի վկա, որի վրա ազդեցություն գործադրելու իմաստ առհասարակ առկա լինի։ Նախաքննության ընթացքում Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ առերեսում է տեղի ունեցել միայն մեկ վկայի հետ և, ըստ փաստաբանի, ասել, որ վկաների վրա ընդհանրական կերպով կարող է ազդեցություն ունենալ, որևէ կերպ հիմնավորված չէ։

«Առհասարակ դատարանի որոշումն իրենից կոնկրետ հիմնավորում չի ներկայացնում։ Բոլոր ձևակերպումներն ընդհանրական են, բոլորի վերաբերյալ միատեսակ մոտեցում, միատեսակ միտք է արտահայտել։ Դրանով իսկ պաշտպանության կողմին զրկել է կոնկրետ հակափաստարկներ ներկայացնելու հնարավորությունից։ Այսինքն, ստացվում է, Դավիթ Տոնոյանը, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտի, բայց թե ինչպես պետք է խոչընդոտի՝ որևէ կերպ նշված չէ, ում վրա և ինչ նպատակով պետք է ազդեցություն գործադրի՝ չի հիմնավորվել»,- նշել է Հովհաննիսյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ամբողջ գործարքը, որի շուրջ պտտվում է քրեական գործը, փաստաթղթավորված է և գտնվում է գործում․ պետք է ընդամենն ուսումնասիրել և դրանց իրավական գնահատական տալ։ Նման պարագայում վկաների վրա ազդեցություն գործադրելով անգամ հնարավոր չէ որևէ կերպ գործի քննությանը խոչընդոտել։ Նշենք, որ այս պահին, ըստ դատակոչի ցուցակի, 15 վկա է, որոնցից միայն մեկի հետ է Տոնոյանն առերեսվել։

Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով նախնական դատական նիստ է նշանակվել փետրվարի 4-ին։ Փաստաբանը չի բացառել, որ միջնորդություն կներկայացնեն՝ դատախազին բացարկ հայտնելու մասին։

  • Կիսվել: