Դատարանը հետաձգեց Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի արգելքը վերացնելու միջնորդության լուծումը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
«Գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ դատարանն ստացել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու վերաբերյալ։ Միջնորդությունը չէր տրամադրվել մեղադրող կողմին, և փաստաթղթին դատախազները ծանոթացան նիստերի դահլիճում։
Պաշտպան Սահակյանը նաև հայտնեց, որ դատարանի կողմից Գևորգյանի՝ երկրից դուրս գալու հնարավորությունը սահմանափակող որոշման պատճառով նրան չի հաջողվել մասնակցել դեկտեմբերի 14-ին կայացած ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի նիստին։ Պատգամավորը չի կարողացել նույնիսկ հեռավար մասնակցել, քանի որ հենց այդ նույն ժամին՝ Երևանի ժամանակով 13։00-ին դատական նիստն էր նշանակված։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը։
Մեզադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց, նշելով, որ ներկայացված միջնորդության հիմնավորումները խեղաթյուրում են ՍԴ որոշումը։ Ըստ նրա՝ ՍԴ որոշման մեջ խոսվում է պատգամավորական անձեռնմխելիության մասին, ինչը կապ չունի Արմեն Գևորգյանի հետ․ «նա չի օգտվում պատգամավորական անձեռնմխելիությունից, քանի որ սահմանադրական կարգավորումները վերաբերում են քրեական հետապնդում հարուցելու կապակցությամբ անձեռնմխելիությանը»։
Իր հերթին Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ դատախազությունն անհարգալից վերաբերմունք է դրսևորում խորհրդարանի և ժողովրդի քվեն ստացած պատգամավորների նկատմամբ։ Նա նաև հիշեցրեց, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ՍԴ-ն հակասահմանադրական և ապօրինի ճանաչեց այն մեղադրանքները, որոնք պաշտպանում էր դատախազությունը։
«Անկախ նրանից, ենթարկվում է պատգամավորը քրեական հետապնդան թե՝ ոչ, պետք է ստեղծել պայմաններ, որ այդ գործընթացը չխանգարի ԱԺ-ի բնականոն գործունեությանը, որպեսզի պատգամավորն իր լիազորությունները լիարժեք կատարի», - նշեց Արմեն Գևորգյանը։