ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դատախազությունն ուսումնասիրում է Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությունները

Դատախազությունն ուսումնասիրում է Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությունները

ՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունները։ Այս մասին InfoPort.am-ին հայտնել են դատախազության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ, Հայկ Մարությանը հայտարարել էր, որ գաղափարակից հեղափոխականներն իշխանության գալուց հետո առաջին հերթին բարելավել են իրենց նյութական վիճակը՝ նախարարների աշխատավարձը գաղտնի հրամանով սարքելով 1,5 մլն, իսկ փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ ու սա այն դեպքում, երբ բնակչության ավելի քան 30 տոկոսը ապրում է աղքատ։

«Աշխատանքի ընթացքում տարբեր զանգեր էի ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, ովքեր ասում էին, որ քաղաքապետարանի էսինչ աշխատակիցը «վատ» քոմենթ է գրել, կամ լայք է դրել «վատ» ստատուսի տակ, պետք է աշխատանքից հեռացնել։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել։ Դրան ի պատասխան ասել եմ, որ հեղափոխությունը նաև դրա համար ենք արել, որ քաղաքական հայացքների համար մարդկանց չհետապնդեն, աշխատանքից չհեռացնենք»,- ասել էր արդեն նախկին քաղաքապետը։

Հիշեցնենք նաև, որ Հայկ Մարությանի պաշտոնանկության օգտին «կողմ» էր քվեարկել ավագանու անդամներից 44-ը, «դեմ»՝ 10-ը։

 

 

  • Կիսվել: