կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դադարեցվել է դատավորի լիազորությունները․ ԲԴԽ

Դադարեցվել է դատավորի լիազորությունները․ ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի լիազորությունները դադարեցվել են։

«Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով 2021 թվականի դեկտեմբերի 23-ից Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ԲԴԽ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նա կալանավորվել է 2019 թվականի ապրիլի 1-ին։ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է:

  • Կիսվել: