երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բորիս Բախշիյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն խնդրեց. փաստաբան

Բորիս Բախշիյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն խնդրեց. փաստաբան

Այս տարի վերջապես Դատավոր Բորիս Բախշիյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն խնդրեց Դատավորից նրան անհիմն մեղադրելու համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գործով փաստաբան Արսեն Սարդարյանը:

«Այս ծանր դեպքը, երբ դատավորին ակնհայտ անհիմն մեղադրանքով ոչ միայն զրկեցին անձեռնմխելիությունից, այլև նույնիսկ կալանավորեցին, իսկ հետագայում դատախազության ներկայացուցիչը սկսեց լրատվական դաշտում ամեն գնով սևացնել օբյեկտիվ և արդար աշխատած դատավորին, իրավունքի լուրջ նահանջ էր և լուրջ հարված դատական իշխանությանը:

Հուսանք, որ ներողությունը զուտ ձևական չէ, և ՀՀ դատախազությունը, քննչական մարմինը և երևույթին բացասական առումով առնչված գիտնականներն ու դատավորները կանեն անհրաժեշտ հետևություններ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ բարձրագույն դատական խորhրդի համաձայնությամբ, 2022 թվականի մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասով (ակնհայտ ապօրինի կալանավորելը կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելը): 2022 թվականի մայիսի 20-ին վարույթից անջատվել է Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական վարույթը և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով՝ Բորիս Բախշիյանը ներկայացված մեղադրանքում ճանաչվել է անմեղ, արդարացվել է: 2022 թվականի նոյեմբերի 16-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է 2023 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ:

2023 թվականի հուլիսի 27-ին ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ վարույթ չի ընդունվել: Քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում Բորիս Հրանտի Բախշիյանից:

  • Կիսվել: