շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԲԴԽ-ն հասկանում է՝ դատավոր Հարությունյանն ինչ շեշտադրումներ է անելու, այդ պատճառով էլ դռնփակ է անցկացնում. փաստաբան

ԲԴԽ-ն հասկանում է՝ դատավոր Հարությունյանն ինչ շեշտադրումներ է անելու, այդ պատճառով էլ դռնփակ է անցկացնում. փաստաբան

Բարձրագույն դատական խորհուրդը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով նիստն անցկացնում է համընդհանուր խախտումներով: Այս մասին այսօր ԲԴԽ-ի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Փաստաբանի խոսքով՝ եթե նիստը հրապարակային լիներ, ապա բոլորը կտեսնեին, թե ինչ պրիմիտիվ խախտումներ են տեղի ունենում նիստի ընթացքում.

«Ես ավելի շատ հակված եմ նրան, որ սա դիտավորյալ է տեղի ունենում, քան թե չիմանալու պատճառով: Դատական նիստի կարգի խախտումները շատ բացահայտ ու ակնհայտ են: Ցավոք, ԲԴԽ մյուս անդամներն այդքան էլ չեն միջամտում այս խախտումներին. այսինքն՝ եզակի դեպքերում, երբ մենք շատ ենք բարձրաձայնում, փորձում են իրենք ձայն հանել եւ փորձել մի փոքր շտկել իրավիճակը: Եթե սա պետք է լինի ԲԴԽ-ի գործելաոճը, իրավունքների իրացման հնարավորության ապահովումը, մեր իրավունքները կոպտագույն խախտվում են: Սկզբի փուլում ընդհանրապես փորձ էր արվում մեզ զրկել արտահայտվելու որեւէ տեսակի հնարավորությունից: Երբ մենք փորձեցինք ցույց տալ այդ խախտումները, որոշակի առումով փոխվեց այդ իրավիճակը»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ իրենք նիստի ընթացքը ցանկացել են ձայնագրել, ինչը նույնպես արգելվել է. «Երբ նիստի ժամանակ ցանկանում էինք ձայնագրում իրականացնել, պարզաբանվեց որ չնայած դատական օրենսգրքով թույլատրվում է, բայց իրենց աշխատակարգի որոշումով թույլ չի տրվում, հետեւաբար դա պիտի կիրառվի: ԲԴԽ-ն ասում է՝ դռփնփակ ենք անում իբր արդարադատության շահերից ելնելով, փորձում են մեզ նախազգուշացնել, որ մենք ինչ-որ գաղտնիք չհրապարակենք: Երբ ուզում ենք մեզ պարզաբանեն, թե ո՞ր գաղտնիքն է օրենքով սահմանված, ասում են՝ մենք ընդամենը ձեզ ասացինք, որ գաղտնիք է, ասում ենք՝ հիմնավորեք, որ իմանանք. իրենք այդպես էլ չպարզաբանեցին»:

ԲԴԽ-ն դատավորին եւ նրա փաստաբաններին գործի նյութերին ծանոթանալու համար տրամադրել է 2 ժամ:

«Խորհուրդն ասում է՝ դուք ժամանակ ունեիք ծանոթանալու, բայց մենք ընդամենը նոր ենք ներգրավվել վարույթին, հետեւաբար ողջամիտ ժամկետ պետք է ունենանք՝ նյութերին ծանոթանալու, պատրաստվելու, քննարկելու, բայց չտրվեց այդ ժամանակը: Եթե նման խախտումներ կատարեր մեկ այլ դատարան, որի կարգապահական վարույթը պետք է քննվեր, վստահ եմ, որ իմ ասածից տասնապատիվ ավելի խախտումներ կներառեն, եւ կարգապահական վարույթ կհարուցեին: Այս փուլում նրանց ամեն ինչ թույլատրելի է: Իրենց հասկանում են թե պարոն Հարությունյանն ինչ շեշտադրումներ է անելու, հատկապես բացարկների հետ կապված հարցերում իրենք փորձում են այս հարցը հասարակությունից թաքցնել: Բացարկների հարցն ընդհանրապես չի կարող դռնփակ քննարկվել, որովհետեւ այստեղ որեւէ տիպի արդարադատության շահի հետ կապված հարց չի կարող առաջանալ»:

  • Կիսվել: