շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բաքվում հայ ռազմագերիների գործով դատավարության ժամանակ Վոլոդյա Հակոբյանը դատավորին խնդրել է իրենց հայրենիք վերադարձնելու որոշում կայացնել

Բաքվում հայ ռազմագերիների գործով դատավարության ժամանակ Վոլոդյա Հակոբյանը դատավորին խնդրել է իրենց հայրենիք վերադարձնելու որոշում կայացնել

Բաքվում շարունակվում է 14 հայ ռազմագերիների դատական գործընթացը, հայտնում է Trend-ը:

Ինչպես հայտնի է՝ նրանք մեղադրվում են ՛՛սադրիչ-ահաբեկչական գործողություններ իրականացնելու՛՛ և այլ շինծու հանցագործությունների համար։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Աֆղան Հաջիևը հայտարարել է, որ եթե մեղադրանքը հաստատվի դատավարության ընթացքում, ամբաստանյալները կարող են դատապարտվել 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման:

Ռազմագերիներից Վոլոդյա Հակոբյանը դատավորին խնդրել է իրենց հայրենիք վերադարձնելու որոշում կայացնել։ Ռազմագերիները մասամբ ընդունել են ներկայացված մեղադրանքը, սակայն ո՛ր մասով՝ ադրբեջանական լրատվամիջոցները չեն մանրամասնում։

Ըստ մեղադրական եզրակացության` ՛՛Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ապօրինի կերպով զենք ու զինամթերք են ձեռք բերել և ստեղծել օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ, որոնց անդամները 2020թ. նոյեմբերի 26-27-ը խախտել են Ադրբեջանի պետական սահմանը և մարտական դիրքեր գրավել Մարտունիի շրջանի Հադրութ գյուղի հյուսիսարևմտյան մասում գտնվող անտառային գոտում, ապա մինչև 2020թ. դեկտեմբերի 13-ը նրանք կատարել են զինված հարձակումներ երկրում տեղակայված ձեռնարկությունների և հաստատությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վրա՛՛ (չակերտները-խմբ.):

Նշենք նաև, որ նրանց մեղադրանք է առաջադրվել 214 (ահաբեկչություն), 228 (զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, պահում), 279 (անօրինական զինված խմբավորումների ստեղծում), 318 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:

  • Կիսվել: