հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բաքվում այսօր շարունակվել է հայ գերիներ Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի գործով դատավարությունը

Բաքվում այսօր շարունակվել է հայ գերիներ Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի գործով դատավարությունը

Այսօր Բաքվում շարունակվել է հայ գերիներ Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի գործով դատավարությունը, որոնք գերեվարվել էին Արցախյան երկրորդ պատերազմի օրերին, տեղեկացնում է Trend-ը։

Նշվում է, որ նրանք մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իբր, ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ հանցագործությունների մեջ։

Բաքուն փորձում է հայ գերիների վրա բարդել նաև 1994 թվականին Բաքվի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կազմակերպումը։

Վկաներից ոմն Զահիդ Հասանով հայտարարել է, որ Լյուդվիգ Մկրտչյանը իբր եղել է այն անձանցից մեկը, որը հրահանգել է Բաքվի մետրոյի պայթյունի կազմակերպիչներին։ Վերջինս նշել է, որ 1994 թվականին իր հետ միասին հայկական գերության մեջ գտնվել է Ազեր Ասլանովը, որը պայթյունների իրականացման հիմնական մեղադրյալն էր։

՛՛Ինձ, Սերգեյին, Ազեր Ասլանովին և ևս մեկ գերու պահում էին մեկ վայրում։ Հետո եկավ հինգ թե վեց հայ, այդ թվում Խոսրովյանը և սկսեցին մեզ ծեծել։ Այնուհետ Ազեր Ասլանովին տարան հրամանատարի աշխատասենյակը մաքրելու։ Երկու ժամ անց նա վերադարձավ, հետո նրան նորից տարան։

Հայաստանի հատուկ ծառայությունները նրան տարել էին, որ հավաքագրեն։ Սամվել Բաբայանի աշխատասենյակում գտնվող հրահանգիչներից մեկը Մկրտչյանն էր։ Զրույցը ձգվեց մեկ ժամից ավելին, այնուհետ նրան բաց թողեցին։ Հետո հայերն ասացին, որ աշխատասենյակը կմաքրի ոչ թե Ազերը, այլ Սերգեյը։ Այդ ժամանակ պարզ դարձավ, որ Ազերին գնել են։

Դրանից հետո նրան տալիս էին այն ուտելիքը, որը ցանկանում էր։ Մի խոսքով, նա ծախվեց հայերին։ Նույն տարում նա վերադարձավ հայկական գերությունից և Բաքվի մետրոյում կազմակերպեց պայթյունը։ Գերությունից վերադառնալով ես իմացա, որ Սերգեյին գնդակահարել են»,-ասել է վկան։

Հաղորդվում է նաև, որ այս գործով դատական նիստը կշարունակվի հուլիսի յոթին:

  • Կիսվել: