երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բացառում եմ, որ կենսաթոշակ ստանալու համար Հրայր Թովմասյանը հրաժարական տա. Սիրանուշ Սահակյան

Բացառում եմ, որ կենսաթոշակ ստանալու համար Հրայր Թովմասյանը հրաժարական տա. Սիրանուշ Սահակյան

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը անընդունելի է համարում Սահմանադրական դատավորների նկատմամբ ճնշումները՝ ընդհուպ նրանց անձնական կյանքի դրվագների հրապարակայնացումը:

«Հայաստանը անցել է որոշակի էտապների միջով և ժամանակակից փուլում նման դրսևորումներն անթույլատրելի են», -InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիրանուշ Սահակյանը:

Հիշեցնենք՝ օրերս մամուլը գրել էր, որ Ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել ՍԴ երկու դատավորների վերաբերյալ, որոնց անունները հայտնի կդառնան առաջիկա օրերին:

«Խոսքը վերաբերում է նախկինում այդ դատավորների ունեցած արտամուսնական կապերի մասին 7-րդ վարչության ձեռք բերած որոշակի տվյալներին, որոնցով այժմ ուժային կառույցները փորձելու են շանտաժի ենթարկել նրանց՝ սպառնալով, որ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում հրաժարական չներկայացնեն, ապա դոսյեներում եղած տվյալները կուղարկվեն նրանց ընտանիքներին և կհայտնվեն համացանցում», -գրել էր լրատվամիջոցներից մեկը:

Սահակյանի խոսքով, եթե իշխանությունների կողմից նման գործողություններ են կատարվում ու դրանք վկայող փաստեր լինեն, ապա Վենետիկի հանձնաժողովը «շատ կոշտ» արձագանք կտա կատարվածին: Սահակյանը հիշեցրեց, որ ՍԴ դատավորներին առնչվող վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրինագիծը պետք է իրականացվի կամավոր, այսինքն՝ ՍԴ դատավորներն իրենք իրենց կամքով պետք է հրաժարական տան ու օգտվեն կենսաթոշակի անցնելու իրենց իրավունքից:

Այդուհանդերձ, Սահակյանը նաև չի բացառում, որ նման տեղեկության հրապարակումը ուղղորդված էր և նպատակ ուներ յուրովի ճնշել ՍԴ դատավորներին՝ չտալ հրաժարական, քանի որ հանրության շրջանում ստեղծվում է մտայնություն՝ այն դատավորը, որը հրաժարական է տալիս, ակամա կարող է համարվել հրապարակման «հերոս դատավորը»:

«Մենք հիմա գտնվում ենք տարաբնույթ նոր տեխնիկայով կեղծ իրականություններ ստեղծելու, մարդկանց տրամադրությունները փոփոխելու պայքարի մեջ և այդ պայքարում չեմ բացառում նման մեթոդների օգտագործումը: Բայց մյուս կողմից՝ բացահայտումը եղել է լրագրողական գործունեության շրջանակներում, հակված եմ կարծելու, որ լրագրողական սկզբունքները պահպանված են», -հավելեց Սիրանուշ Սահակյանը:

ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելուն վերաբերող օրենքը ուժի մեջ է մտել դեկտեմբերի 27-ին և կիրառման երկամսյա ժամկետ է դրա համար անհրաժեշտ, այսինքն՝ մինչև փետվարի վերջ ՍԴ դատավորները հնարավորություն ունեն հրաժարական տալ ու անցնել կենսաթոշակի:

«Կարծում եմ՝ որոշ ակտիվ աշխատանքներ իրականացվում են իշխանությունների կողմից, որպեսզի մի քանի դատավորների թույլ օղակներ գտնեն ու համոզեն հրաժարականներ տալ», նկատեց իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը:

 Նրա համոզմամբ, անաշխատ եկամուտներ ստանալու գայթակղությունը համադրելի չէ դատավորի կոչման հետ, հետևաբար ՍԴ դատավորները, եթե չեն կարողանում դիմանալ իշխանության ճնշումներին ու մտածում են՝ հետագայում չեն կարող օբյեկտիվ որոշումներ կայացնել, շատ ավելի լավ կլինի երկու ամիս հետո սովորական ձևով հրաժարական տալ և անհիմն չհարստանալ:

«Եթե նրանք կարծում են, որ ճնշումները ինտենսիվ են ու չեն կարող դիմանալ դրանց, շատ ավելի հարգանքի կարժանանան եթե շրջանցեն հարկադրական երկամսյա ժամկետը կամ նյութապես հարստանալու գայթակղությունը և հրաժարական տան երկու ամիս հետո», -նշեց Սահակյանը:

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, Սիրանույշ Սահակյանի խոսքով, իրադարձությունները ցույց տվեցին, որ Թովմասյանը չի ենթարկվում որևէ ճնշման: «Հրայր Թովմասյանը, երևում է, մինչև վերջ պայքարի ուղին է ընտրել, ուստի բացառում եմ նրա կողմից հրաժարական՝ նյութական գայթակղության ներքո», -հավելեց նա:

  • Կիսվել: