ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Բացահայտվել են կաշառքի դիմաց բնակիչների սոցիալական անապահովության նպաստառու ձևակերպելու դեպքեր

Բացահայտվել են կաշառքի դիմաց բնակիչների սոցիալական անապահովության նպաստառու ձևակերպելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կ. Պ.-ն, հանդիսանալով Լոռու մարզի համայնքապետարաններից մեկի պաշտոնատար անձ, նույն մարզի գյուղերից մեկի մի խումբ բնակիչների սոցիալական անապահովության նպաստառու ձևակերպելու համար, վերջիններից որպես ապօրինի վարձատրություն և կաշառք պահանջել և պարբերաբար ստացել է նպաստի ամսական գումարներ, ընդհանուր՝ մոտ 1 մլն ՀՀ դրամ։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Կ. Պ.-ն 2016-2021 թթ. ընթացքում, Լոռու մարզի բնակավայրերից մեկի մի խումբ բնակիչների, նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում, սոցիալական անապահովության նպաստառու ձևակերպելու նպատակով վերջիններից տարբեր ժամանակահատվածներում որպես ապօրինի վարձատրություն և կաշառք պահանջել և պարբերաբար ստացել է 120 հազար ՀՀ դրամից մինչև 254.000 ՀՀ դրամ գումարներ: 

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կ. Պ.-ն, 2022 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2023 թվականի մայիսի 16-ը Լոռու մարզի նույն բնակչի օգտին ապօրինի գործողության, այն է՝ նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում վերջինիս նպաստառուների ցուցակում ընդգրկելու և նպաստ ստանալու գործընթացի իրականացման համար պահանջել և որպես կաշառք ստացել է նպաստի ամսական գումարներ՝ այդ կերպ օժանդակելով պետությունից խարդախությամբ խոշոր չափերով գումարների հափշտակությանը։

Վերը նշված հանցավոր արարքների համար Կ. Պ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 2-րդ մասի /3 դրվագ/, 311–րդ հոդվածի 1–ին մասով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 435–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 46-255–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով /2 դրվագ/ և 46-255–րդ հոդվածի 1–ին մասով:

Պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: