Այժմ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում 3276 քաղաքացի է պահվում․ Լիլիթ Գալստյան
Ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 3276 քաղաքացի, որոնցից 1552-ը՝ կամ մոտ 48 տոկոսը, գտնվում է նախնական կալանքի տակ։ Այս մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում «Ժողովրդավարական սկզբունքներից նահանջը Հայաստանի Հանրապետությունում, քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունն ու իրավական երաշխիքները» թեմայով լսումների ժամանակ հայտարարել է խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ սա ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում և Հարավային Կովկասի տարածաշրջանում։ «Դատարանները բավարարում են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների 61 տոկոսը, և հարյուրավոր քաղաքացիներ 4-5 տարի ու նույնիսկ ավելի շարունակում են մնալ անազատության մեջ՝ դեռևս չունենալով իրենց նկատմամբ կայացված դատավճիռ»,- նշել է պատգամավորը։
Ընդդիմադիր գործչի դիտարկմամբ՝ քրեակատարողական հիմնարկներում տիրող անմարդկային վերաբերմունքի պայմաններում սա, փաստացի, խոշտանգում է, որն ուղղակիորեն ոտնահարում է կյանքի և անձնական ազատության՝ մարդու սահմանադրական իրավունքը։
«Ազատությունից զրկված շատ անձինք լիովին համապատասխանում են ԵԽԽՎ թիվ 1900 բանաձևով սահմանված՝ քաղբանտարկյալի կարգավիճակի չափանիշներին»,- հավելել է Գալստյանը։
Նրա տվյալներով՝ 2025 թվականին քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է մահվան 24 դեպք, որից 8-ը՝ ինքնասպանություն։ Ընթացիկ տարում գրանցվել է մահվան ևս չորս դեպք։
«Սա լոկ վիճակագրություն չէ. սա պետության ձախողումն է մարդու կյանքի իրավունքի ապահովման հարցում, ինչը նրա անմիջական պարտականությունն է»,– ընդգծել է պատգամավորը։
Նա նաև լուրջ մտահոգություն է հայտնել առ այն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախորդող ամիսներին քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների, փաստաբանների և ակադեմիական հանրության ներկայացուցիչների նկատմամբ արձանագրվել են քրեական հետապնդման, խուզարկությունների, կալանավորումների, աշխատանքից ազատումների և վարչական ճնշումների բազմաթիվ դեպքեր։



