ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Այսօր Ծաղկաձորում կապարակնքել են Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցը

Այսօր Ծաղկաձորում կապարակնքել են Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցը

Հարկադիր կատարման ծառայությունն այսօր գնացել է Քեթրինի Միհրանին` ԴԱՀԿ նախկին պետ, «Հայոց Համազգային միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոց` Ծաղկաձոր եւ այն կապարակնքել։ Պողոսյանը, հիշեցնենք, երկար տարիներ` 2008 թվականից մինչեւ 2017 թվականը եղել է ԴԱՀԿ պետ` հենց նրա ղեկավարած հիմնարկի միջոցով են իր հյուրանոցը փակել, գրում է Հրապարակը: 

Միհրան Պողոսյանի հիմնադրած «Հայոց Համազգային միասնություն» կուսակցության անդամ Հայկ Ստեփանյանը պատմում է, որ օրեր առաջ Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է արել «Կեչառիս» հյուրանոցում, հայտնաբերել խախտումներ․ «Տեսչական մարմինն արձանագրել է խախտումներ, եւ ժամանակ չի տվել, որպեսզի այդ խախտումները վերացվի, դրա փոխարեն որոշում է կայացրել փակել հյուրանոցը, մի հյուրանոց, որը 2005 թվականից աշխատել է, չեն ասել՝ խախտումները վերացրեք, խելամիտ ժամկետ տան։ Ակնհայտ է, որ իշխանական ռեպրեսիվ ապարատն է գործի դրված, եթե նայենք, ապա նման բան չեն անում, միշտ ժամանակ է տրվել խնդիրները վերացնելու»։

Հայկ Ստեփանյանն ասում է՝ իրենք հնարավորություն չեն ունեցել նաեւ դատարանի միջոցով այդ հարցը լուծելու․ «Մենք դիմել ենք դատարան մեկ շաբաթ առաջ, դատարանը պարտավոր էր 7 օրվա ընթացքում վարույթ ընդունել, անհեթեթ մեկնաբանություններով, թե իբր ծրագրային խնդիրներ կան դատարանում, դատարանը որեւէ նիստ չի հրավիրել եւ այդպիսով թույլ է տվել, որ Հարկադիր կատարման մարմինն եւ տեսչական մարմինը հյուրանոցը փակեն»։ 

«Կեչառիսը» կապարակնքելը կապում են Միհրան Պողոսյան տված վերջին քաղաքական հարցազրույցի հետ․ «3 օր առաջ պարոն Պողոսյանը հարցազրույց էր տվել եւ նշել, որ Տիգրանաշեն գյուղը Հայաստանի գործող վարչախումբը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին, այդպիսով Ադրբեջանի վերահսկման տակ է անցնում նաեւ հարավ գնացող ճանապարհը, այս հարցազրույցից 3 օր անց եկել են, հյուրանոցը փակում են, դատարանը որեւէ կերպ վարույթ չի ընդունում»։ 

Երբ Հարկադիր կատարման ծառայությունը կապարակնքել է «Կեչառիսը», ներսում հյուրեր են եղել․ «Հիմա այդ գործընթացն է գնում` մարդկանց հանելու։ Որևէ գործիքակազմ չկա, որ մենք կարողանանք խոչընդոտել, դատարանն է, այն էլ ինչ-որ ծրագրային խնդիրներ ունի»։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանն ասաց, որ տեսչական մարմինը բավականին ժամանակ է ինչ անհապաղ կատարման ակտերի համար այլևս կարգադրագրեր չի տալիս․ «Արձանագրվում է խախտումը, կայացվում է գործունեության դադարեցման որոշում, այդ ընթացքում իրենց ձեռքում է, թե քանի օրում շտկումները կիրականացվեն։ Փորձը ցույց է տվել, երբ ժամկետ ես սահմանում` ոչինչ չեն անում, կանգնում են փաստի առաջ։ Կայացվել է որոշում՝ անհապաղ դադարեցնել գործունեությունը մինչև խախտումները կվերացվեն։ Խախտումների վերացումը կտևի մեկ ժամ, մեկ օր թե 30 օր, դա կախված է տնտեսավարողի գործոնից, թե ինչ ինտենսիվությամբ շտկումները կիրականացնեն»։

Տեսչական մարմնից նաեւ փոխանցեցին՝ «Կեչառիս»-ում 5-ից ավելի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների խախտում է հայտնաբերվել։

  • Կիսվել: