ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Առուշանյանն ընտրվել է այն պայմաններում, երբ դատական նման ակտ չկար. Վարդևանյանը՝ Առուշանյանին ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից զրկելու մասին

Առուշանյանն ընտրվել է այն պայմաններում, երբ դատական նման ակտ չկար. Վարդևանյանը՝ Առուշանյանին ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից զրկելու մասին

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին համայնքապետ լինելու հնարավորությունից զրկելու մասին դատարանի կայացրած վճիռը չի գործելու մինչեւ դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելը. օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ, վճռաբեկ ատյանները սպառելուց հետո։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Նա նշեց, որ Քրեական օրենսգիրքը կարգավորում է որոշակի իրավահարաբերություններ, այդ թվում՝ որպես հիմնական կամ լրացուցիչ պատիժ նախատեսում է հենց այդ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը։ Մյուս կողմից, ըստ Վարդեւանյանի, չի կարող Քրեական օրենսգիրքը այսպես ասած՝ անտեսել կոնկրետ այն իրավիճակները, երբ ժողովուրդը ինքն է մանդատ տալիս՝ կոնկրետ պաշտոն զբաղեցնելու։

՛՛Կան պաշտոններ, որոնք ընտրովի են, կան պաշտոններ, որոնց համար անձը նշանակվում է։ Հիմա համայնքի ղեկավարի պաշտոնը բոլոր դեպքերում ժողովրդի մանդատից բխող պաշտոնի զբաղեցում է, այսինքն՝ արդյոք Քրեական օրենսգիրքը պետք է նաեւ այդ իրավիճակներու՞մ սահմանափակի ժողովրդի կամքի արտահայտումը։ Արդյոք այն կարո՞ղ է տարածվել մինչ քրեական գործով դատական ակտը ձեւավորված իրավահարաբերության վրա, որովհետեւ Առուշանյանն ընտրվել է այն պայմաններում, երբ դատական նման ակտ չի եղել, հետեւաբար այդ հարցադրումները ոչ միայն պրակտիկ իմաստով են որոշակի հարցադրումներ առաջացնում, այլ նաեւ ընդհանուր տեսանկյունից՛՛,-ասաց Վարդեւանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հրապարակել է Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատավճիռը, համաձայն որի՝ Առուշ Առուշանյանն արդարացվել է ընտրություններից հետո հարուցված քրեական գործի դրվագով։ Միաժամանակ որպես պատիժ է նշանակվել նաեւ ինքնավար մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելով ու տուգանքով։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

 

  • Կիսվել: