շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատական հաջորդ նիստը՝ դեկտեմբերի 27-ին

Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատական հաջորդ նիստը՝ դեկտեմբերի 27-ին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատական նիստը, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված հետաձգվել է. այն կշարունակվի դեկտեմբերի 27-ին:

Նշենք, որ գործն արդեն դատաքննության փուլում է: Այսօրվա դատական նիստի ժամանակ դատարանն անցավ առկա ապացույցների ուսումնասիրությանը` որոշելով, որ սկզբում կքննվեն ամբաստանյալները, երկրորդ փուլում վկաների հարձաքննությունները կլինեն, այնուհետեւ գործում առկա փաստաթղթերի հետազոտություն կկատարվի: Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հրաժարվել է Առուշ Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից` հայտնելով, որ սուտ ցուցմունք է տվել:

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանքի տակ է, նա մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

  • Կիսվել: