Արման Թաթոյանը Սյունիքում այցելել է «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 14-ին Սյունիքում Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի հետ այցելեց Գորիսում գտնվող Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, ինչպես նաև Վերիշեն բնակավայրում գտնվող հիմնադրամի սոցիալական ձեռնարկություն, որն ուսումնական կենտրոն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կանանց համար։
Կենտրոնի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը Պաշտպանին ներկայացրեց կանանց, այդ թվում` տնտեսական կարողությունների զարգացման ծրագրերը:
Մասնավորապես, քննարկվեց Goris Handmade-ը, որն արտադրում է բարձրորակ, 100% բնական բրդից իրերի լայն տեսականի, ներառյալ՝ գորգեր, բարձեր, ծածկոցներ և ավելի քան 50 տարբեր խաղալիք կենդանիներ:
Ռուզաննա Տոռոզյանը նշեց, որ հիմնադրամի շահառուների թվում են ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ Արցախից տեղահանված ավելի քան 40 ընտանիքների կանայք, որոնք անցնում են ուսումնառություն և ստանում նոր մասնագիտություն՝ աշխատաշուկայում մրցունակ դառնալու համար (ձեռարվեստ, խոհարարություն, համակարգչային գիտելիքներ, հաշվապահություն, վարսահարդարում և այլն)։
Քննարկումների ընթացքում հիմնադրամի տնօրենը նշեց Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի աջակցության և համայնքապետարանի հետ համագործակցության մասին: Նշվեց նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կարևոր աջակցության մասին:
«Մենք պետք է ամեն կերպ աջակցենք կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը, քանի որ ֆինանսապես կայուն եկամուտներ ունեցող կանայք կարող են հնարավորինս զերծ մնալ բռնությունից ու խտրականության այլ դրսևորումներից։ Կանանց ակտիվ ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքին ու որոշումների կայացման գործընթացներին բխում է հենց հասարակության շահերից»,- նշել է Արման Թաթոյանը։
Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել նաև կանանց ներգրավվածությունը տնտեսական, իրավական ու այլ ոլորտներում խթանելուն ուղղված համատեղ միջոցառումներ` Գորիս համայնքապետարանի հետ համագործակցությամբ: