Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Արարատ գյուղի զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ գյուղական համայնքի նախկին ղեկավարի կողմից Արարատ գյուղի Հաղթանակի 44/2 հասցեում գտնվող զբոսայգուց 14 քմ մակերեսով հողամասը 2007 թվականի օգոստոսի 10-ին կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, հատկացվել է ֆիզիկական անձի: Իրականացված ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ հողամասը կառուցապատողի կողմից նպատակային նշանակությամբ չի օգտագործվել:
Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ գյուղի և կառուցապատողի միջև 2007 թվականի օգոստոսի 10-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի օգոստոսի 24-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատ գյուղի Հաղթանակի 44/2 հասցեում գտնվող՝ 14 քմ մակերեսով, 262 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:
Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:



