շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Արագած Ախոյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ մի շարք անշարժ գույքեր արգելադրվել են

Արագած Ախոյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ մի շարք անշարժ գույքեր արգելադրվել են

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 2010-2017թթ. ընկած ժամանակահատվածում Ա.Ա.-ի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ա.Ա.-ն նշված ժամանակահատվածում հափշտակել է քաղաքացիների կողմից բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց նրա տնօրինմանը, տիրապետմանը, օգտագործմանը հանձնված առանձնապես խոշոր չափերի գումարները, ինչպես նաև խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ:

Մասնավորապես՝ Ա.Ա.-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր, երկու ՍՊ ընկերությունների հիմնադիր տնօրենը, 2010 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբեր ամիսը նշված շենքի 3 բնակարան և 2 ավտոկայանատեղի ձեռք բերելու դիմաց տուժող քաղաքացուց ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ։ Սակայն հետագայում նշված գումարները նա մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ ու հափշտակելով դրանք՝ տնօրինել է սեփական կարիքների համար՝ այդ կերպ քաղաքացիներին պատճառելով ընդհանուր 277.712.000 ՀՀ դրամ և 24.800 ԱՄՆ դոլարի գույքային վնաս:

Բացի այդ, Ա.Ա.-ն, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով նպատակ ունենալով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գույք, իր իրական մտադրության մասին լռելով և տուժողին մոլորության մեջ գցելով, 2010թ. հոկտեմբերին քաղաքացու հետ կնքելով առուվաճառքի նախնական և նախավճարի խառը պայմանագիր, պարտավորվել է Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի 3 սենյականոց բնակարանը մասնակի հարդարմամբ մինչև 2012 թվականի մայիսի 1-ը հանձնել նրան, որի դիմաց 2010-2011թթ. վերջինիցս որպես կանխավճար ստացել է 34.000 ԱՄՆ դոլար գումար։ Սակայն տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝  քաղաքացուն դիտավորությամբ մոլորության մեջ գցելով, թե նշված բնակարանի նկատմամբ գրանցել է վերջինիս սեփականության իրավունքը, բայց նշվածի կապակցությամբ դիտավորությամբ որևէ գործողություն չանելով, 2015թ. սեպտեմբերին հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։ Այդ կերպ խարդախությամբ քաղաքացուց հափշտակել է 12.500.000 ՀՀ դրամին համարժեք 34.000 ԱՄՆ դոլար գումար։  

Ա.Ա.-ն, մոլորության մեջ գցելով մեկ այլ քաղաքացու, 2008թ. ապրիլին վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձևական պայմանագիր և ձեռք է բերել Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 40/1 հասցեում գտնվող 17.1քմ մակերեսով օժանդակ շինության և 0,01216 հա մակերեսով հողամասի, Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 40 հասցեում գտնվող 151.7քմ մակերեսով բնակելի տան և 0,01998հա մակերեսով հողամասի, ինչպես նաև՝ 0,00411հա մակերեսով ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը։ Դրա դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր 110.000.000 ՀՀ դրամ, սակայն վճարել է 67.440.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 42.560.000 ՀՀ դրամի փոխարեն խոստացել է հիշյալ տարածքների սեփականատիրոջը, սեփականության իրավունքով, տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան: Այնուհետև, վստահությունն ամրապնդելու նպատակով, հիշյալ անձին դիտավորությամբ մոլորության մեջ գցելով՝ 2010 թվականի մարտին վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր և խոստացել, որ պայմանագրով սահմանված 2 բնակարանները կտրամադրի նրան: Սակայն հետագայում դիտավորությամբ որևէ գործողություն չանելով, հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո, նշված բնակարանները վաճառել է այլ անձանց և այդ կերպ խարդախությամբ քաղաքացուց հափշտակել 42.560.000 ՀՀ դրամ գումար:  

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /յոթ դրվագ/ և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով/երկու դրվագ/:

Դատարանի որոշմամբ ավելի վաղ Ա.Ա.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել, և վերջինիս նկատմամբ որպես այլընտրանքային համակցված խափանման միջոցներ  են կիրառվել տնային կալանքը, գրավը՝ 2․000․000 ՀՀ դրամի չափով, և բացակայելու արգելքը:

Ա.Ա.-ին պատկանող մի շարք անշարժ գույքեր արգելադրվել են։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ,   ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

  • Կիսվել: