Ափրինե Սարգսյանը դժգոհել է երկրում երթևեկության մշակույթի բացակայությունից
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է վարորդների նկատմամբ և վարորդական վկայական ստանալու գործընթացում պահանջները խստացնելու ծրագրերի մասին։
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նախորդ երեկոյան 9 մարդու կյանք խլած ավտովթարին, նախարարը նշել է, որ յուրաքանչյուր նման դեպք ողբերգություն է, որից պետք է հետևություններ անել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, վթարի պատճառները պարզվում են։ Սարգսյանի խոսքով՝ խիստ նախնական վարկածով հնարավոր է, որ խափանված լինի արգելակման համակարգը, քանի որ ճանապարհին արգելակման հետքեր չեն հայտնաբերվել։ Թե կոնկրետ որ ավտոմեքենան է դարձել ողբերգական վթարի պատճառ, նախարարը չի հստակեցրել։
Նախարարի խոսքով՝ նախատեսվում է ուժեղացնել ճանապարհներին իրականացվող վերահսկողությունը։ Հաճախակի դարձած վթարների պատճառների թվում նա մատնանշել է ճանապարհների ոչ պատշաճ կահավորումն ու ավտոմեքենաների տեխնիկական վիճակը, սակայն որպես գլխավոր գործոն առանձնացրել է վարորդների վարքագիծը։ Այս առնչությամբ կա օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է վերականգնել վարորդների մինչև քննություն հանձնելը պարտադիր ուսուցում անցնելու պահանջը։ «Հայաստանում երթևեկելու մշակույթ չկա, բոլորը վարում են այնպես, ինչպես իրենց հարմար է, միայն թե շուտ տեղ հասնեն»,– դժգոհել է ՆԳՆ ղեկավարը։
«Մեր նպատակը ոչ թե տուգանելն է, այլ վարորդների վարքագիծը փոխելը։ Որոշակի խստացումներ են նախատեսվում, քանի որ բալային համակարգը սպասված արդյունքը չի տալիս»,– հավելել է նախարարը։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ, չնայած գրանցված ողբերգական վթարներին, ընդհանուր պատկերը վկայում է զոհերի թվի նվազման մասին։
Նախարարը նշել է, որ վարորդական իրավունքի վճարովի վերականգնման համակարգի ներդրման արդյունքները դեռ չեն վերլուծվել, սակայն կրկնակի խախտումների դեպքերը քիչ են։ Հնարավոր հրաժարականի և քաղաքական պատասխանատվություն կրելու մասին հարցին ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը նկատել է, որ զոհերի թիվը նվազել է, սակայն ոչ ոք չի հարցնում՝ արդյոք ճանապարհային տեսուչները խրախուսվե՞լ են։ Նրա խոսքով՝ հենց նրանց զգոնության շնորհիվ են ավելացել սպանության նախապատրաստման դեպքերի բացահայտումները։



