Անազատության մեջ գտնվող անձինք լիարժեք օգտվում են իրենց առողջապահական իրավունքներից. նախարար
Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանք է իրականացվել։
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ հատկապես բարելավվել են անազատության մեջ գտնվող անձանց բժշկական ծառայությունների մատուցման պայմանները։ Մասնավորապես, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործում է 100 մահճակալանոց բժշկական բաժանմունք, որը համապատասխանում է լավագույն չափանիշներին, իսկ մյուս քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են ենթակառուցվածքների արդիականացման և բժշկական սարքավորումներով հագեցման աշխատանքները։
«Փոփոխություններ են իրականացվել նաև «Հոգեկան առողջության ազգային կենտրոն»-ում անազատության մեջ պահվող անձանց բուժման և պահման պայմանների բարելավման ուղղությամբ։
«Ես երաշխավորում եմ, որ յուրաքանչյուր անձի ցուցված բժշկական ծառայությունները լիարժեք տրամադրվում են։ Բոլորը հավասարապես օգտվում են իրենց իրավունքներից թե՛ դեղորայքային ապահովման, թե՛ հետազոտություններ անցնելու, թե՛ անհրաժեշտ բժշկական ծառայություններ ստանալու առումով»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ որոշ քրեակատարողական հիմնարկներում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ դեռևս զգալի աշխատանք կա իրականացնելու։


