կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Աղվան Հովսեփյանի պաշտպանները դիմելու են ՄԻԵԴ

Աղվան Հովսեփյանի պաշտպանները դիմելու են ՄԻԵԴ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբանները նրա կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրին։
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ այսօր քննարկվեց Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու` Երևանի ընդհանուր իրավասության որոշման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։ Հովսեփյանը ներկա չէր նիստին, նա «Իզմիրլյան» ԲԿ-ում է։
 
Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը շատ ծանր է, և նրա կալանքն անհամատեղելի է առողջական վիճակի հետ։
«Ավելի քան մեկ ամիս է, որ Հովսեփյանի առողջական վիճակի փորձաքննություն է նշանակված, սակայն այն դեռ չի սկսվել, հիմա պետք է նոր փորձագետներ ներգրավվեն։ Հովսեփյանն ունի մշտական խնամքի կարիք, ուզում եմ հասկանալ` ինչի են սպասում փորձագետները»,–ասաց Սարգսյանը։

 

«Աղվան Հովսեփյանի կյանքի և անվտանգության մասով ՀՀ իրավասու մարմիները, այդ թվում՝ դատարանը, այլևս չեն հանդիսանում պատշաճ մարմիններ։  Ասում ենք՝ ծայրահեղ վիճակ է, անգամ չեն ուզում քննել մեր ասածը։ Այո, ասում ենք ծայրահեղ ծանր վիճակ է, բայց դատարանը չի անդրադառնում, հետևաբար հիմա մենք այս դատարանի առաջ ենք բարձրացնում այս խնդիրը՝ որպես ավելի բարձր դատարան։ Մենք դիմելու ենք ՄԻԵԴ»,- հավելեց Սարգսյանը։

 
Նա նշեց, որ միջնորդում են կալանքը գրավով փոխարինել` գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը, բայց իրենք պատրաստակամ են մինչև 50 մլն դրամ վճարել։
Գործով դատախազներն առարկեցին միջնորդությունը։
 
Դատարանը հեռացավ խորհդասենյակ, որոշումը կհրապարակվի վաղը` ժամը 9։30–ին։
 
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը 2021-ի սեպտեմբերի 7-ին հայտնել է, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց։
 
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա 2021թ-ի սեպտեմբերի 7-ին ձերբակալվել է, ապա կալանավորվել։
 
Աղվան Հովսեփյանը ՔԿ նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։

  • Կիսվել: