ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ բացատրելով, թե ինչպես կարող են լղոզվել իրավունքներն ու պարտականությունները

Նիկոլ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ բացատրելով, թե ինչպես կարող են լղոզվել իրավունքներն ու պարտականությունները

Նիկոլ Փաշինյանը պետության մասին իր այսօրվա զրույցը նվիրել է իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն թեմային։

«Սրանք եռամիասնության մասեր են, որովհետեւ ժողովրդապետության պայմաններում ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտ է, որ ժողովուրդն է որոշում իր իրավունքների ու պարտականությունների շրջանակը, այսինքն, ոչ թե ուրիշներն են որոշում, թե ժողովուրդն ինչ  իրավունքների ու պարտականություններ ունի, այլ ժողովուրդն է որոշում»,-ասաց նա՝ նշելով, որ կարևոր է նաեւ, որ լինի պատկերացում, թե այդ իրավունքներն ու պարտականություններն ինչ տարածքի վրա են գործում։

«Սա կոչվում է իրավազորություն տարածքային ամբողջականության հետ համադրությամբ, որը, ըստ էության, պրակտիկ եւ կիրառելի է դարձնում իրավունքներն ու պարտականությունները: Ինքնիշխանությունը, իրավունքը, նույնիսկ պետականությունը առանց տարածքի կոնկրետացման լղոզվում են ու դառնում սակավ կիրառելի, ոչ կիրառելի ու նույնիսկ անկենսունակ։ Այսինքն իրավունքների ու պարտականությունների կիրառելիությունն ուղիղ կապ ունի տարածքի կոնկրետության եւ տարածքային ամբողջականության հետ»,-ասաց նա:

Փաշինյանը ցանկացավ ասածն ավելի պատկերավոր ցույց տալ, վերցրեց ջրով լցված սրվակը, լցրեց ջուրը բաժակի մեջ եւ ասաց. «Պատկերացնենք, սրվակի մեջ են  իրավունքներն ու պարտականությունները: Եթե դրանք տեղավորված են կոնկրետ ձեւի մեւ, դրանք կիրառելի են ու կենսունակ եւ մենք կարող ենք այն օգտագործել մեր կենսական կարիքներն ապահովելու համար»:

Այդ ասելու ընթացքում նա կում արեց ջրից՝ ցույց տալով իրավունքների ու պարտականությունների «օգտագործումը»:

Այնուհետեւ Փաշինյաննառաջարկեց պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե իրավունքներն ու պարտականությունները պարփակված չլինեն ձևի մեջ, ու սրվակի ջուրը թափեց աշխատանքային սեղանին։

Սեղանից ջուրը թափվեց Փաշինյանի հագուստի վրա, իսկ նա շարունակեց՝ դրանք դառնում են ոչ կենսական, լղոզվում են, պրոբլեմներ  ու անհարմարության զգացում են ստեղծում։

«Այն, ինչ մենք անում ենք նաև Տավուշի մարզում, նաեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացում, նաեւ խաղաղության օրակարգում, հենց այս նպատակն ունի: Դրա շրջանակներում էականորեն կուժեղանա քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների շրջանակը, այս քառամիասնությունը կերաշխավորի մեր պետության զարգացումն ու գոյությունը»,-ասաց նա։

  • Կիսվել: