չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքում մեղավորը պատժվելու է ազատազրկման իրական ժամկետով. Նաիրա Զոհրաբյան

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքում մեղավորը պատժվելու է ազատազրկման իրական ժամկետով. Նաիրա Զոհրաբյան

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքում մեղավորը պատժվելու է ազատազրկման իրական ժամկետով։ Մեր ներկայացրած օրինագիծն ուղղված է ԶՈւ զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերությունները թույլ չտալուն։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ պատգամավորի՝ եթե զինծառայողն իր զորամասի տարածքում կամ մեկ այլ տեղում ծառայություն կատարելիս ոչ միտումնավոր կամ գիտակցաբար մյուս զինծառայողին կսպառնա, բռնություն, դաժան վերաբերմունք կցուցաբերի կամ կնվաստացնի նրա պատիվն ու արժանապատվությունը, ինչը կարող է դառնալ անուղղակի կամ ուղղակի պատճառ տուժած զինծառայողի ինքնասպանության համար, կպատժվի օրենքով, 3-8 տարի ազատազրկմամբ։

«Եթե այս արարքները կատարվեն անձանց խմբի, սպայի, հրամանատարի, մի ենթակայի կողմից մյուս ենթակայի հանդեպ, կանոնավորապես նույն անձի դեմ, ապա ազատազրկման ժամկետը կկազմի 5-10 տարի։ Իսկ եթե այս հանցագործությունները կատարվեն ռազմական դրության, պատերազմի կամ մարտական գործողությունների ժամանակ, ապա ժամկետը կավելանա՝ 7-12 տարի։ Մեր Զինված ուժերում ինքնասպանությունների վիճակագրությունը բավական տխուր է։ Ցավոք, այսօրվա դրությամբ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների պատճառով մեր բանակում ինքնասպանությունների թիվը զինծառայողների շրջանում էապես ավելացնում է թշնամու կրակից կորուստների թիվը։ Այս հարցը լուրջ եւ անհապաղ լուծում է պահանջում»,- ասել է Զոհրաբյանը։

 
 

 

  • Կիսվել: