շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանը շարունակում է քարոզչական պատերազմի մեջ պարտվել Ադրբեջանին․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանը շարունակում է քարոզչական պատերազմի մեջ պարտվել Ադրբեջանին․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանը շարունակում է քարոզչական պատերազմի մեջ պարտվել Ադրբեջանին, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք պարտվում ենք նաև հիմա. գիտե՞ք՝ ինչ երկրի ենք պարտվում, մի երկրի, որտեղ իշխանությունը ժառանգական է, մի երկրի, որտեղ նախագահը իր կնոջը փոխնախագահ է նշանակում, մի երկրի ենք պարտվում, որտեղ տասնյակ լրագրողներ բանտերում են, մի երկրի ենք պարտվում, որտեղ նախագահի ընտանիքը բոլոր օֆշորային սկանդալներում կար», - ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ Հայաստանն այս տարվա ընթացքում չի կարողացել միջազգային հանրությանը մոբիլիզացնել գերիների վերադարձն ապահովելու համար։

ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ Արցախի ապագայի հետ կապված անորոշությունը մնացել է նույնը։

«Բայց որոշակիություն մենք ստացել ենք վերջերս. արդեն հասկանալի է՝ եթե վարչապետն ասում է, որ 2016 թվականից որևէ տեսական հնարավորություն այլևս չկար Ղարաբաղն Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար, սա Հայաստանի դիրքորոշումն է, սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից ու այս վերջին հայտարարություններով վարչապետը, ըստ էության, կասկածի տակ դրեց Ղարաբաղի հռչակագիրը, որը Ղարաբաղի ձևավորման հիմքում է դրված. կամ չեն հասկանում՝ ինչ են անում, կամ անում են ծրագրավորված», - ընդգծեց նա։

Քոչարյանի խոսքով՝ բոլոր ուղղություններով Հայաստանն ունի կատարյալ ձախողում։

  • Կիսվել: