երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ինչու են որոշ զինվորականներ քվեարկել քվեարկության ավարտից հետո. պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Ինչու են որոշ զինվորականներ քվեարկել քվեարկության ավարտից հետո. պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Ժամը 20:00-ից առաջ զինվորները տեղամասի դռան դիմաց էին, կամ պետք է քվեարկեին, կամ իրենց վրա տեղամասի դուռը կողպեինք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Ըստ ինձ խնդիր կա, առավել խնդիր կլիներ, եթե տեղամասը կողպեին ու դռան դիմաց կանգնած զինվորներին զրկեին քվեարկելու իրավունքից: Զինվորների հետ կապված իրողությունը եղել է այն, որ տվյալ դեպքում հանձնաժողովի զգալի մասը՝ ամենայն հարգանքով, բայց տարիքով մարդիկ են եղել: Կեսօրից զինվորները եկել են քվեարկության ու ստեղծվել է մի պահ, որ ժամը 20:00-ին պակաս՝ զինվորները տեղամասի դռան դիմաց կանգնած են եղել:

Տեղամասային ընտրական հանձնաժողովը ասել է ինչ անենք, կամ զինվորները պետք է մտնեն տեղամաս և մենք ապահովենք նրանց քվեարկելու իրավունքը, կամ էլ պետք է նրանց վրա տեղամասի դուռը կողպենք և ասենք, որ տեղամասի դիմաց կանգնած զինվորը չպետք է քվեարկի, որովհետև պրոցեսը դանդաղ է գնացել: Օրենքը ասում է՝ ժամը 20:00-ին տեղամասը փակվում է, և այն բոլոր ընտրողները, ովքեր այդ պահի դրությամբ տեղամասի ներսում են, իրավունք է տրվում, որ քվեարկեն և դուրս գան: Այս դեպքում խնդիրը եղել է նրանում, որ երկու տեղամասում մի փոքր մեծ թվով զինվորներ են եղել, եթե 15-20 հոգի լիներ, դուք դա չէիք էլ նկատի»,- նշել է Հովակիմյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից հայտնել էին, որ ժամը 20։42-ի դրությամբ զինվորները դեռ շարունակել են քվեարկել:

  • Կիսվել: