Ժամանակը կգա` կիմանաք․ քաղաքապետը՝ Տիգրան Ավինյանի փոխքաղաքապետ նշանակելու որոշման մասին
Երբ ժամանակը կգա, Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու որոշումը կհրապարակվի և կիմանաք դրա մասին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Հարցին՝ իրեն առաջարկ եղե՞լ է անդամակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Սարգսյանը պատասխանեց, որ նման քննարկում չի եղել։
Քաղաքապետը, անդրադառալով ՔՊ-ի կողմից Երևանի քաղաքապետի պաշտոնում Տիգրան Ավինյանի թեկնածության առաջադրմանը, և այն հարցին՝ ինչ է պատրաստվում անել դրանից հետո, ասաց․ «Ժամանակը կգա, կտեսնենք, այս պահին դեռ մեկ տարի ժամանակ ունեմ դեռ, կտեսնենք»։
Դիտարկմանը, որ Երևանի վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունները ինչ-որ կերպ կապվում են Տիգրան Ավինյանի անվան հետ, Սարգսյանն ասաց․
«Քաղաքական թիմի հետ են կայացվում այդ որոշումները, չեմ կարող բացառել, որ նրանք մտերիմ հարաբերությունների մեջ են Ավինյանի հետ, ես էլ եմ շատերի հետ մտերիմ հարաբերությունների մեջ։ Մեր երկիրը փոքր է և կարծում եմ բոլորը բոլորին ճանաչում են»,-ասաց նա։
Լրագրողները Սարգսյանին հիշեցրին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությունը, որտեղ նշում էր, թե ինքը զանգեր է ստացել, որպեսզի Երևանի կենտրոնական հատվածներում տարածքներ տրամադրի բիզնես գործունեություն ծավալելու համար և հարց ուղղեցին՝ ստացե՞լ է արդյոք ինքը նման զանգեր, Սարգսյանը ասաց, որ նման զանգեր չի ստացել։


