ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ժամանակն է, որ Հայաստանը ստորագրի Ստամբուլյան կոնվենցիան․ Անդրեա Վիկտորին

Ժամանակն է, որ Հայաստանը ստորագրի Ստամբուլյան կոնվենցիան․ Անդրեա Վիկտորին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, անդրադառնալով կանանց դեմ բռնության թեմային, ասել է, որ տևական ժամանակ բռնության դեմ պայքարը, այդ թվում՝ Հայաստանում, իրականացվել է միայն ակտիվիստների կողմից, սակայն այսօր այս պայքարը ներառվել է ազգային, միջազգային պատասխանատուների օրակարգերում:

«Կարծում եմ՝ մարդիկ սկսել են կամաց-կամաց հասկանալ, որ պետք է միասին աշխատել ընդդեմ կանանց դեմ բռնության», - ասել է Վիկտորինը՝ առանձնացնելով բուլինգը, ոտնձգությունները, սեռական ոտնձգությունները, որոնց մասին, ըստ դեսպանի, մարդիկ չեն համարձակվում խոսել:

Վիկտորինը խնդիր է համարել բռնության դեպքում այդ մասին բարձրաձայնել չհամարձակվելը:

«Մենք պետք է երիտասարդներին սովորեցնենք նախևառաջ ճիշտ հաղորդակցվել իրար հետ, փոխադարձաբար հարգանք դրսևորել և հասկանալ, որ աղջիկների ու տղաների միջև տարբերություն չկա... միայն դրական օրակարգ ունենալու դեպքում կարող ենք պայքարել կարծրատիպերի դեմ», - ասել է Վիկտորինը:

Նրա խոսքով՝ հասարակությունը, Եկեղեցին, առևտրային միությունները, բիզնես ընկերակցությունները և բոլորը պետք է մասնակություն ունենան գենդերային պատկանելության հիման վրա բռնության դեմ զրոյական հանդուրժողականության մասին օրենքների կիրառման հարցում:

ԵՄ դեսպանն իր խոսքում քննադատել է հասարակության՝ իր իսկ բնորոշմամբ այսպես կոչված «ավանդապաշտ շերտին»՝ հայտարարելով, որ «ավանդական արժեքներ ասվածի ներքո ինչ ասես, որ չի կատարվում»: Այս համատեքստում նա կոչ է արել Եկեղեցուն միջամտել:

Նրա խոսքով՝ կանանց դեմ բռնության պայքարն արդարության, օրենքի, հավասարության, մարդկայնության հարց է, ինչը, ըստ նրա, պահանջում է պարզ իրավական ակտեր:

«Ուստի, թույլ տվեք հավելել՝ ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան», -ասել է դեսպանը՝ մանրամասնելով, որ այն առաջարկում է այս բռնության դեմ պայքարի մեթոդների իրավական շրջանակ:

  • Կիսվել: