երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Ժամանակակից Հայաստանի տարածքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան». Ադրբեջանի ԱԳՆ

«Ժամանակակից Հայաստանի տարածքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան». Ադրբեջանի ԱԳՆ

ՀՀ արչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ճեպազրույցի ժամանակ արած հայտարարությունները մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, տեղեկացնում է haqqin.az-ը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ադրբեջանցի ժողովրդի ազգային պատմական հիշողության մեջ ժամանակակից Հայաստանի տարածքը, որտեղ մեր հայրենակիցներն ապրում էին որպես պատմականորեն արմատավորված ժողովուրդ, կոչվում է Արևմտյան Ադրբեջան: Ինչպես գիտեք, մեր հայրենակիցները երեք անգամ արտաքսվել են այս տարածքից, վերջին անգամ՝ 1988 թվականին:

Զանգեզուրի շրջանը և դրա բաժանումը արևելյան և արևմտյան մասերի նույնպես պատմական իրողություն է: Մեր հայրենակիցների վերադարձը այս տարածքներ նրանց ամենաբնական իրավունքն է: Դրանք տարածքային պահանջներ չեն, այլ փախստականների՝ իրենց տներ վերադարձ, որն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ՛՛:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահի հետ բանակցություններում որպես առաջնահերթ գերակայություն կարևորել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

՛՛Ուզում եմ ընդգծել, որ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ:

Ինչպես գիտեք՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ադրբեջանը այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքը օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև ի հեճուկս իր պարտավորությունների՝ հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: