հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ըստ Ոստիկանության տվյալների Ռուբեն Հայրապետյանը միայն ՀՀ քաղաքացի է

Ըստ Ոստիկանության տվյալների Ռուբեն Հայրապետյանը միայն ՀՀ քաղաքացի է

ՀՀ Ոստիկանությանը մեկ ամսից ավել ժամանակ պահանջվեց պատասխանելու համար InfoPort.am-ի հարցմանն առ այն, արդյոք Ոստիկանությունը տեղյակ չի եղել այն մասին, որ Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Ռուբեn Հայրապետյանը հանդիսանում է այլ երկրի քաղաքացի, երբ 2012 թվականին նրան տրամադրել է համապատասխան փաստաթղթեր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար` խորհրդարանական ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու գրանցվելու համար:

Եվ այսպես Ոստիկանության պատասխանը բացահայտում է շատ ուշագրավ փաստ` պարզվում է, որ ըստ Բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների Ռուբեն Հայրապետյանը հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և մշտապես հաշվառված է եղել բնակչության պետական ռեգիստրում։

Ոստիկանության պատասխանից պարզ է դառնում, որ Բնակչության պետական ռեգիստրից ստացած այս տվյալների հիման վրա էլ Հայրապետյանին տրվում են համապատասխան փաստաթղթեր ԿԸՀ ներկայացնելու և որպես պատգամավորի թեկնածու գրանցվելու համար:

«ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տարածքային անձնագրային ծառայություններին տրվել է հանձնարարական՝ 2012 թ. կայացած ՀՀ ազգային ժողովի ընտրություններին պատգամավորի թեկնածու առաջադրվելու նպատակով վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տալու մասին։

Հիշյալ գրությամբ հանձնարարվել է նաև վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկությունները պարզելու նպատակով քաղաքացու անհատական տվյալները ստուգելու բնակչության պետական ռեգիստրի տվյալներով, իսկ ՀՀ Ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի պահանջները չբավարարելու դեպքում դիմումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում գրավոր մերժել տեղեկանքի տրամադրումը։

Բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Ռուբեն Հայրապետյանը հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և մշտապես հաշվառված է եղել բնակչության պետական ռեգիստրում»,- ասցած է Ոստիկանության պատասխանի մեջ։

Փաստացի ստացվում է, որ հայրենի Ոստիկանությունից այդքան էլ դժվար չէ թաքցնել առանցքային նշանակության ինֆորմացիա:

Հիշեցնենք, որ Ռւոբեն Հայրապետյանը անցնում է տարբեր քրեական գործերով, սակայն ներկայումս նա գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Սակայն հայկական կողմին չի հաջողվել հասնել հայրապետյանի էքստրադիցիային, քանզի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նա հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Ստացվում է, որ նա 2012 թվականին օրենքի խախտումով է առաջադրվել և ընտրվել պատգամավոր իշխող Հանրապետական կուսակցության կողմից: Պարզաբանելով իրավիճակը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողներին ասել էր, որ ԿԸՀ գրանցել է Հայրապետյանի թեկնախությունը Ոստիկանության կողմից տրված համապատասխան փաստաթղթերի հիման վրա:

  • Կիսվել: