շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Ընտրություններին հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պետք է ապահովվի նույնիսկ սուր ձևակերպումների ազատ շրջանառությունը. Գալյան

Ընտրություններին հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պետք է ապահովվի նույնիսկ սուր ձևակերպումների ազատ շրջանառությունը. Գալյան

Քաղաքական խոսքը` հատկապես նախընտրական քարոզարշավի ընթացքում, գտնվում է արտահայտման ազատության առավել բարձր պաշտպանության ներքո։ Այս մասին այսօր Սահմանադրական դատարանում ժամանակ բացատրություններ տալու ընթացքում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ՍԴ–ում տեղի ունեցող՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության 2–րդ նիստին:

Գալյանը խոսեցընդդիմության ներկայացրած ատելության խոսքի վերաբերյալ փաստարկների մասին, որոնք հիմնականում վերաբերում էին ՔՊ–ի վարչապետի թեկնածու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառապաշարին։

Նա, մասնավորապես, ասաց. «Ընտրությունները հենց այն ժամանակահատվածն են, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պետք է ապահովվի կարծիքների, քննադատության, քաղաքական գնահատականների և նույնիսկ սուր կամ չափազանցված ձևակերպումների ազատ շրջանառությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած չափանիշների համաձայն՝ արտահայտման ազատությունը պաշտպանում է ոչ միայն այն գաղափարները, որոնք ընդունվում են բարենպաստ կամ ընկալվում են որպես անվնաս, այլև այնպիսի գաղափարներ ու տեղեկություններ, որոնք կարող են ինչ–որ տեղ վիրավորել, ապշեցնել կամ անհանգստացնել։ Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով թույլատրելի է չափազանցության, անգամ սադրանքի որոշակի աստիճանը, այսինքն` իր արտահայտություններում անձը կարող է որոշ չափով անզսպություն դրսևորել։ Դատարանը բազմաթիվ գործերում արձանագրել է, որ նույնիսկ այն դեպքում, երբ արտահայտություններն ունեցել են կոպիտ, սուր կամ վիրավորական բնույթ, ընդհանուր համատեքստում գնահատվելով՝ դրանք ընդունվել են որպես անմիջական հուզական արձագանք կամ կոշտ քննադատություն, այլ ոչ թե ինքնանպատակ վիրավորանք»։

Ըստ նախարարի՝ Փաշինյանին մեղադրանքներ հնչեցնում են այն քաղաքական ուժերը, որոնք տարիներ շարունակ իրենք են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին անվանել «դավաճան», նրանց պիտակավորել և տարբեր ազգությունների ներկայացուցիչների անուններով վիրավորել՝ պնդելով, թե ՔՊ-ին աջակցելը հավասար է դավաճանությանը։

Նա կարծիք հայտնեց, որ ընդդիմության կողմից ներկայացված խախտումները չեն կարող հիմք լինել ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու համար։

«Դատարանը պետք է գնահատի ոչ թե պարզապես խախտումների առկայությունը, այլ այն, թե արդյոք դրանք կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա և կասկածի տակ դնել ընտրողների ազատ կամքի արտահայտումը»,-ասաց արդարադատության նախարարը:

Նրա խոսքով՝ ժողովրդավարական կարգին վնաս հասցնելու փորձերը եղել են ընդդիմադիր ուժերի կողմից, սակայն դրանք հաղթահարվել են հենց ժողովրդի կողմից ՔՊ–ին ամենաշատ ձայներ տալով։

  • Կիսվել: