երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ընդդիմությունը տենց էլ չկողմնորոշվեց՝ ում մոտ ինչ հարցով գնա․ թող գան, տեսնենք՝ որտեղ ասֆալտ փռենք. Սանոսյան

Ընդդիմությունը տենց էլ չկողմնորոշվեց՝ ում մոտ ինչ հարցով գնա․ թող գան, տեսնենք՝ որտեղ ասֆալտ փռենք. Սանոսյան

Ընդդիմությունն այդպես էլ չի կողմնորոշվում՝ ում մոտ, ինչ հարցով գնա: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով նրան, որ ընդդիմությունը շրջափակում է պետական շինությունները եւ պահանջում նախարարներից կարծիք հայտնել, թե համաձա՞յն են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Թող գան, քարտեզները փռենք, քննարկենք, թե որտեղ ենք ասֆալտ անում, որտեղ ենք ջրագիծ փոխում, ջրամբարներն ուր հասան: Թող գան աշխատենք, թե չէ, ժողովո՛ւրդ, կլինի, որ, օրինակ, մենք իրար հետ գնանք ինչ-որ Վարդուշի տանը հարցազրույց անենք, չի լինի, չէ՞: Ամեն նախարարություն պետք է գնալ այն հարցերով, որն առնչվում է այդ նախարարությանը, մեր նախարարություն գալիս են Արցախի հարցով, որ ի՞նչ անեն»,-ասաց նա:

Լրագրողը հիշեցրեց, որ Գնել Սանոսյանը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և պարտավոր է պատասխանել իր քաղաքական թիմի կողմնորոշման վերաբերյալ հարցին. «Ես հիշում եմ, որ քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում, լավ հիշում եմ, թե որ թիմի անդամ եմ և Արցախի հարցերում իմ անձնական տեսակետն էլ ունեմ՝ որպես մարդ և նախարար, բայց հարցեր կան, որոնց պատասխան տվողը ես չեմ: Դուք ինչո՞ւ եք ուզում շրջակա միջավայրի կամ ՏԿԵ նախարարը Արցախից խոսի: Դրա համար կան համապատասխան գերատեսչություններ և, ի պատիվ մեր գործընկերների, շատ ակտիվ աշխատում են»:

  • Կիսվել: