Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյանը՝ Սահմանադրության մասին
Ժողովրդավարության իրացման գործիքակազմերը չպետք է սահմանափակվեն, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից Սահմանադրության հանրաքվեն խոչընդոտելուն։
Սահմանադրության տեքստը բալանսավորված է, նշել է Գալյանը՝ հույս հայտնելով, որ այն ընդունելի կլինի ընդդիմության համար։
Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, կրկնել է նախարարը՝ նշելով, որ ցանկանում են, որ այդ հարցը որոշի ժողովուրդը։
«Ով ինչ է ասում, ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Ես իմ աշխատանքի տերն եմ։ Ես, իմ թիմը՝ իմ նախարարության ամբողջ թիմը, իհարկե, Սահմանադրական խորհրդի ներգրավվածությամբ, մշակել ենք համապատասխան նախագիծ, որն ուզում ենք հանձնել ձեր՝ ժողովրդի դատին։ Կկարդաք այդ նախագիծը, կտեսնեք՝ ինչ-որ բաների հետ համաձա՞յն եք, համաձայն չեք, շատ լավ, գնացեք, որոշեք։
Կարող է՝ դուք հիմա մտածում եք՝ վայ, էս ի՞նչ են ուզում անցկացնել, կարող է՝ կարդում եք, տեսնում եք, որ շատ նորմալ, շատ լավ նախագիծ է, որն ավելի շատ հնարավորություններ է տալիս ընդդիմությանը, ավելի շատ լիազորություններ է տալիս ԱԺ-ին՝ այդպիսով բալանսավորելով վարչապետի իշխանությունը, որը, օրինակ, դատական իշխանությունը դարձնում է ավելի մասնակցային և հաշվետու ԱԺ-ի առջև, որը, օրինակ, Գլխավոր դատախազությանը դարձնում է այնպիսի մարմին, որտեղ կարգապահական խախտումները քննարկվեն հաշվետվողականության սկզբունքի համաձայն։
Ընդդիմությունը, չտեսնելով նախագիծը և չծանոթանալով դրա բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում։
Ինձ մեկ բան է հետաքրքիր՝ մենք ունենանք խաղաղ, անվտանգ, կայուն, ինքնիշխան, հարատև ու զարգացող պետություն»,– նշել է արդարադատության նախարարը։



