կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդները կշարունակեն դարավոր բարեկամության բարի ավանդույթները. Միրզոյանը՝ ՌԴ-ի մասին

Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդները կշարունակեն դարավոր բարեկամության բարի ավանդույթները. Միրզոյանը՝ ՌԴ-ի մասին

Երևանը բազմիցս՝ և՜ խոսքով, և՜ գործով, ի ցույց է դրել իր հետևողականությունը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի Հայաստանի նոր կառավարության արտաքին քաղաքական կուրսը, կպահպանվի՞ արդյոք Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության տրամադրվածությունը, և կա՞ր երկու երկրների միջև անվստահության շրջան, եթե այո, հաջողվե՞ց այն հաղթահարել:

Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը վարում է կանխատեսելի, կայուն և հուսալի արտաքին քաղաքականություն։

Խոսելով ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին՝ նա նշել է. ՛՛Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդները կշարունակեն դարավոր բարեկամության, փոխվստահության, թափանցիկության և լիարժեք ըմբռնման վրա հիմնված բարի ավանդույթները՛՛:

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված կառավարության՝ վերջերս հաստատված ծրագրում ևս մեկ անգամ վերահաստատվում է բոլոր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների գործնական ամրապնդման պատրաստակամությունը: ՛՛Մենք կշարունակենք ընդլայնել և խորացնել միջպետական ​​օրակարգի բոլոր ուղղություններով մեր փոխգործակցությունը Ռուսաստանի հետ՛՛,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա նաև հավելել է. ՛՛Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կհարստացնենք նաև մեր համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում նոր ձեռքբերումներով, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարթակներում կառուցողական փոխհամագործակցության դրսևորումներով և անվտանգության, ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում զգալի առաջընթացով՛՛:

 

  • Կիսվել: