երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Վրաստանն իսկապես չեզոք, օբյեկտիվ և անաչառ միջնորդ է հայ-ադրբեջանական հարաբերություններում». Ղարիբաշվիլին ու Ալիևը մասնակցել են Դավոսի համաժողովին

«Վրաստանն իսկապես չեզոք, օբյեկտիվ և անաչառ միջնորդ է հայ-ադրբեջանական հարաբերություններում». Ղարիբաշվիլին ու Ալիևը մասնակցել են Դավոսի համաժողովին

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում Հայաստանի բացակայության թեման քննարկման առարկա է դարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցությամբ պանելային քննարկումներից մեկի ժամանակ։

Մասնավորապես, պատասխանելով Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մասին հարցին՝ Ղարիբաշվիլին կրկին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում Վրաստանի միջնորդական դերին` նշելով իրենց անշահախնդրությունն ու չեզոքությունն այդ հարաբերություններում։

«Եռակողմ հանդիպումների կազմակերպումը բխում է մեր շահերից, որովհետև այս տարածաշրջանը պատկանում է մեզ՝ Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին։ Մենք իսկապես ցանկանում ենք այս տարածաշրջանը վերածել հնարավորությունների, խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջանի»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Վրաստանի վարչապետի խոսքով` միայն համատեղ ջանքերով է հնարավոր Հարավային Կովկասը դարձնել հնարավորությունների, խաղաղության և բարիդրացիության տարածաշրջան։

Վրաստանի վարչապետի ելույթից առաջ Ադրբեջանի առաջնորդը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Պատասխանելով հայ–ադրբեջանական կարգավորման մասին հարցին` Ալիևը հայտարարել է, որ գործընթացը անապատի մեջտեղում է մնացել։ Նրա խոսքով` Հայաստանը չի պատասխանել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին։

Ինչ վերաբերում է Դավոսի համաժողովում Երևանի բացակայությանը, Ալիևն այդ փաստը կապել է Վրաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափով հանդիպումից Երևանի հրաժարվելու հետ, հանդիպում, որի շրջանակում կարող էր տեղի ունենալ առաջնորդների հանդիպումը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ղարիբաշվիլիին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու համար։

«Մենք առաջարկել էին Թբիլիսիում առաջնորդների հանդիպում անցկացնել, քանի որ պատմականորեն առաջնորդները հանդիպում են Թբիլիսիում։ Սակայն Հայաստանը պատրաստ չէ, և դա պոտենցիալ ռիսկերից մեկն է», – ասել է Ալիևը։

Հարավային Կովկասի անվտանգության գրավականը, ըստ Ալիևի, բոլոր երեք երկրների ջանքերի համախմբումն է։

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը չի մասնակցում Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին:

  • Կիսվել: