ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վրանով չեն որոշում, եկեք թուղթ ստորագրենք. վարչապետը՝ արտահերթ ընտրությունների մասին

Վրանով չեն որոշում, եկեք թուղթ ստորագրենք. վարչապետը՝ արտահերթ ընտրությունների մասին

Ասում եք՝ իշխանությունը սպառել է իրեն, շատ լավ, սպառել ենք մեզ, մենք էլ ասում ենք՝ եկեք գնանք արտահերթ ընտրություններ անենք, տեսնենք, թե ով է սպառել: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին, թե արդյոք վարչապետի ղեկավարած թիմը չի՞ պատրաստվում հեռանալ, քանի որ սպառել է իրեն:

Փաշինյանը նաեւ նշեց. ՛՛Դո՞ւք եք որոշելու, սպառել ենք, թե չենք սպառել: Մենք ասում ենք, դուք չեք որոշում, մենք էլ չենք որոշում, թող որոշի ժողովուրդը: Մենք ասում ենք՝ եկեք միասին նստենք, որոշենք ընտրությունների ժամկետները: Քանի որ դուք մերժեցիք քննարկումները, մենք էլ ՛՛Իմ քայլի՛՛ հետ քննարկեցինք ու որոշեցինք ռեյտինգային ընտրակարգը ընտրական օրենսգրքից հանել:

Արտահերթ ընտրություններ անցկացնելու մի ձեւ կա՝ վարչապետը հրաժարական է տալիս, երկու անգամ վարչապետ չի ընտրվում, տեղի է ունենում արտահերթ ընտրություններ: Ես ասում եմ՝ եկեք պայմանավորվենք, թե ինչ ժամկետներում, որ հետո չասեք, թե իշխնական խմբակցությունը ինքն իրենով որոշեց: Հետո չբողոքեք, թե մեզ ինչի չեք հարցրել: Հիմա մենք կորոշենք, որ լինեն արտահերթ ընտրություններ, ուրեմն կլինեն, կորոշենք, որ չեն լինի, ուրեմն չեն լինի:

Հրաժարական եք ասում, մենք էլ ասում ենք՝ շատ լավ, հրաժարական, ուրեմն արտահերթ ընտրություններ: Ասում եք՝ չէ՛՛:

Վարչապետն անդրադարձավ նաեւ ընդդիմության բառապաշարին: Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Դուք ավելի լավ է՝ ձեր քաղաքական խոսույթի մասին մտածեք, ժողովրդի հասցեին ամենավերջին բառերն եք ասում: Հիմա դուք ում դեմ եք՝ կառավարության, թե ժողովրդի:

Մեծ հավանականությամբ երկուսի, որովհետեւ այս կռավարությանն ընտրել է ժողովուրդը: Դուք ասում եք՝ չէ, թող ժողովուրդը չընտրի կառավարություն, թող մենք գնանք վրանում նստենք որոշենք, թե ով է ՀՀ կառավարությունը:

Վրանով չեն որոշում: Եկեք թուղթ ստորագրենք, որ այս ժամկետում, այս ընտրական օրենսգրքով անում ենք ընտրություններ: Ուրիշ ինչ պայման եք ուզում, եկեք քննարկենք՛՛:

  • Կիսվել: