ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Վիեննայի  անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք․ Փաշինյան

Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք․ Փաշինյան

«Մենք աշխատում ենք մեր հույսը մեզ վրա դնել և այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը նույնպես ունի»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ եվրոպական լրատվամիջոցներին տված հարցազրույցում պատասխանելով հարցրին՝ ինչ կարող է ակնկալել ԵՄ-ից՝ իմանալով, որ ԵՄ որոշ եվրոպական երկրներ արգելափակում են Թուրքիայի նկատմամբ այլ թեմաներով սանկցիաները: 

«Այն, ինչ ես ասում եմ, Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի  անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք: Եթե վերջին տարիներին ընդհանրապես տեսնում եք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, այս պատերազմը Եվրոպայում շուտ է սկսել: Եվ ամեն օր ընթանում է: Եթե Դուք չեք նկատում այդ պատերազմը, եթե այնտեղ, ասենք, հեռահար հրետանի չի աշխատում, դա դեռ չի նշանակում, որ այդ պատերազմը չի սկսվել: Այդ պատերազմը տեղի է ունենում»,- ասել է Փաշինյանը և մեկնաբանել, թե ԵՄ-ում ընթացող ինչ պատերազմ նկատի ունի:

«Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում: Տեսեք, թե ինչ տոնայնությամբ է խոսում Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահի մասին: Դուք կարո՞ղ էիք երբևէ մտածել, թե որևէ երկրի նախագահ, կամ որևէ երկրի պաշտոնական ներկայացուցիչ կարող է, օրինակ, Ֆրանսիայի և Ֆրանսիայի նախագահի հասցեին խոսել այդպես և այդ տրամաբանությամբ: Ո՞վ կարող էր այդպիսի բան մտածել 15 տարի առաջ, նույնիսկ սառը պատերազմի տարիներին: Ես չգիտեմ դեպք, երբ Խորհրդային միության որևէ ղեկավար, օրինակ, Ֆրանսիայի կամ եվրոպական որևէ երկրի ղեկավարի հասցեին այդպիսի արտահայտություն թույլ տար: Դա ի՞նչ է, եթե ոչ պատերազմ: Այլ բան է՝ դուք ուզո՞ւմ եք նկատել այդ պատերազմը, թե՞ չեք ուզում նկատել: Ինչքան չնկատեք, այն ձեզ համար ավելի ու ավելի նկատելի կդառնա: Այո, մարդկանց գլուխներ են կտրվում այսօր Եվրոպայի փողոցներում և բոլորը երջանիկ են նրանից, որ իրենց գլուխը չի կտրվել: Ես դա անվանում եմ ցեղասպանության մեխանիկա: Եթե այս անգամ որևէ մեկի գլուխը չի կտրվել, դա չի նշանակում, որ հաջորդ անգամ այդ նույնը տեղի չի ունենա: Եվ հստակ կա, դրա արձագանքներից մենք տեսնում ենք, թե որտեղ է այն էներգետիկ կենտրոնը, որտեղից այդ ամեն ինչը քաջալերվում է»,- ասել է նա:

  • Կիսվել: