Վերջին սեպտեմբերյան արցախյան իրադարձությունների ժամանակ նպատակը եղել է ՀՀ տարածքները գրավելը. Ալեն Սիմոնյան
Ես արդեն ամբիոնից ասացի, որ ՀՀ այսօրվա իշխանությունը ոչ թե վերցրեց իշխանությունը, այլ ՀՀ ժողովրդից ստացավ այդ իշխանությունը, Արցախի համար արել է այնքան, որքան չի արել որևէ իշխանություն, որից հետո տեղի է ունեցել դավադիր պատերազմ: Այդ կազմակերպիչները և դրդողները բոլորին արդեն իսկ հայտնի են, և մեղադրել իշխանություններին, որը մինչև վերջ պայքարել է Արցախի համար, և մինչև վերջ պատերազմ է մղել և արել է ամեն ինչ, տեղին չէ առնվազն 2021 թվականի ընտրություններից հետո, երբ որ ՀՀ քաղաքացիները գնացին և իրենց պատասխանը այդ հարցերին տվեցին: Մենք չենք կարող անընդհատ վերադառնալ այդ նույն մեղադրանքին, որը սին է, ՀՀ քաղաքացին դրա պատասխանը տվել է՝ 2021 թվականին քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին և տալով 54 տոկոս վստահության քվե: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԼՂ-ն չպահելու վերաբերյալ հնչող մեղադրանքներին:
«Իրավական առումով ԼՂ միավորում գոյություն չունի, կան ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները, որոնց ապահովման և մնացած բոլոր խնդիրներով ՀՀ Կառավարությունը զբաղվում է, իմ գնահատմամբ, և ոչ միայն իմ գնահատմամբ, գերազանց ձևով»,- նշեց նա:
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Արայիկ Հարությունյանի հրաժարականից ես էլ եմ տեղյակ եղել: Արայիկ Հարությունյանն ինձ ասել է, որ ճնշումների ներքո ինքը ստիպված է հրաժարական տալ: Մենք մի քանի անգամ հեռախոսազրույց ենք ունեցել, և ասել է, որ կարող է մի օր արթնանաք, տեսնեք՝ ես չկամ, իմ վրա ահռելի մեծ ճնշումներ են: Ես ցիտում եմ»:
Ինչ վերաբերում է ԼՂ լուծարման մասին փաստաթղթին, ԱԺ նախագահն ասաց. «Այդ փաստաթղթերի վերաբերյալ երբ ԼՂ այդ ժամանակի իշխանությունները որոշում են կայացնում և մեզ զանգում են ասում վերջին մի քանի ժամվա ընթացքում, որ գիտեք ինչ, սենց որոշում ենք կայացրել, և իրենք են գտնվում այդ տարածքում, ՀՀ իշխանությունները որևիցե բան այլևս անել չեն կարող: Իրենք տեղյակ են պահել արդեն ընդունված որոշման մասին: Սա շատ կարևոր է, որ եղել է ոչ թե քննարկում. չեն զանգել ասել՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչ է ձեր դիրքորոշումը, ո՞նց եք դուք վերաբերվում սրան, ասել են՝ սենց բան ենք որոշել: Մեր կողմից եղել է մի պահանջ, մի խնդրանք, որը կարողացել ենք առաջ տանել, որ տեքստի մեջ եղել է ՀՀ-ի հետ կապված հիշատակում, որն իրողության հետ կապ չի ունեցել, որը մենք պահանջել ենք որպես ՀՀ իշխանություն, որ դուրս գա տեքստից»:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ-ն իր այլընտրանքն առաջարկել է. «ՀՀ-ն իր երեխաներին զոհել է այնտեղ, ՀՀ-ի պետությունը իր երեխաների, իր ժողովրդի, իր պետության բյուջեից կտրել է և ամեն ինչով ապահովել է ԼՂ-ի գոյությունը. աշխատավարձ, կոմունալ վճարումներ, բանակ, և ամեն ինչը գնացել է և ապահովվել է ՀՀ-ի կողմից»,- նշեց նա:
«Դուք չեք հասկանում, որ նպատակը եղել է ՀՀ վրա հարձակվելը և ՀՀ-ն գրավելը և ոչնչացնելը: Դուք հասկանո՞ւմ եք, որ վերջին սեպտեմբերյան արցախյան իրադարձությունների ժամանակ նպատակը եղել է ՀՀ-ի տարածքները գրավելը, ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելը և բռնակցելը միութենական որևէ կառույցի: ՀՀ իշխանությունները պետք է մտնեին այդ խաղի մեջ, որը մեզ պարտադրված էր, որ ՀՀ-ն այլևս գոյություն չունենար: Այո՛, կայացվել է շատ ծանր որոշում, երբ հարձակում եղավ ԼՂ-ի վրա, և բնակչությունը ստիպված եղավ լքել, բայց այդ որոշման գինը ՀՀ-ն էր»,- ասաց Ալեն Սիմոնյանը: