ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վերաուսումնասիրեք Աշոտ Նավասարդյանին. այդ դեպքում չեք թողնի, որ որևէ իշխանություն Արցախին հրի թշնամու գիրկը. Մանուկյան

Վերաուսումնասիրեք Աշոտ Նավասարդյանին. այդ դեպքում չեք թողնի, որ որևէ իշխանություն Արցախին հրի թշնամու գիրկը. Մանուկյան

Այսօր Ազգային ժողով են եկել Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի աշակերտները, որոնց իր խոսքն ԱԺ ամբիոնից հղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Դուք մեծ պատասխանատվության առաջ եք, դուք ձեր դպրոցում կրում եք մի մարդու անուն, որն իր ամբողջ գիտակից կյանքը պայքարեց անկախության ու պետականության համար: Այս օրերին դուք շատ եք լսում խաղաղություն, խաղաղության դարաշրջան բառակապակցությունը:  Եթե Աշոտ Նավասարդյանին ու նրա նման նվիրյալներին մի քիչ ուսումնասիրեք, պարզ կդառնա, որ նրանց պատկերացմամբ՝ խաղաղությունը չեն մուրում,  նրանց պատկերացմամբ՝ թշնամու ամեն  հարձակումից հետո պետական պաշտոնյաները թութակի պես չեն կրկնում խաղաղություն: Խաղաղությունը ձեռք են բերում, խաղաղության համար պետք է ուղեղով աշխատել, խաղաղության համար պետք է չսողալ, պետք է թիկունքը պինդ պահած կանգնել», - հայտարարեց Գեղամ Մանուկյանը:

Նա աշակերտներին կոչ արեց ուսուցիչներին խնդրել նորից վերաուսումնասիրել Աշոտ Նավասարդյանին:

«Այդ դեպքում ձեր սերունդը մեր երկրին իրոք, կբերի արժանապատիվ խաղաղություն, չի թողնի, որ մեր երկրի տարածքները մնան օկուպացված, չի թողնի, որ Արցախը լինի օկուպացված, չի թողնի այլևս, որ որևէ իշխանություն Արցախին հրի թշնամու գիրկը», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

  • Կիսվել: