ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Վերածնվող Հայաստանը» գտել է, որ պատգամավորական մանդատը սպառված է, մենք համարում ենք, որ դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել․ Արծվիկ Մինասյան․ «Իրավունք»

«Վերածնվող Հայաստանը» գտել է, որ պատգամավորական մանդատը սպառված է, մենք համարում ենք, որ դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել․ Արծվիկ Մինասյան․ «Իրավունք»

«Իրավունք» օրաթերթը գրում է․ ««Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու մասին: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել «Հայաստան» դաշինքի եւ «Վերածնվող Հայաստանի» միջեւ, ինչպիսի՞ քննարկումների թեմա էր նման որոշումը, մանրամասներ պարզեցինք ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանից:

— Քննարկումները թեժ չեն եղել, այլ` փոխադարձ հարգանքով: Մենք «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի որոշումից տեղյակ ենք եղել: Մարտավարական առումով մենք համարում էինք, որ նաեւ ԱԺ-ում մանդատից բխող լիազորություններն օգտագործենք պայքարի մեջ, իսկ մեր գործընկերները համարել են, որ այն այնքան էլ արդյունավետ չէ` խորհրդարանական նման մեծամասնության պարագայում: Մնացած առումով գաղափարական տարաձայնություն չկա: Մեր եւ «Վերածնվող Հայաստանի» գնահատականներն այս իշխանության մասին չեն փոխվել: «Վերածնվող Հայաստանը» գտել է, որ Ազգային ժողովում պատգամավորական մանդատն այլեւս սպառված է: Իսկ մենք համարում ենք, որ դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել: Հանրության համար անընդհատ պետք է բացահայտել այս իշխանության ապօրինի, հակապետական գործողությունները, որովհետեւ իշխանությունն ամեն ինչ ձեւախեղում է եւ հանրության մոտ տպավորություն ստեղծում, թե պատերազմի եւ պարտության համար մեղավոր են նախկինները:

— ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը վերջերս ակտիվ հանդիպումներ է ունենում Սփյուռքում: Սա խորհրդարան չգալու եւ նիստերին չմասնակցելու պատրվա՞կ է:

— Այդ հանդիպումները հայկական շահն առաջ տանելու համար են: Նրա աշխատանքը, որպես պատգամավոր, շատ արդյունավետ է: Պարտավորեցնող է նման հանդիպումներ ունենալը դրսում, քան նիստին մասնակցել-չմասնակցելը: Ընթացքը ցույց կտա ապագան: Մեր նպատակը ողջ հայության համախմբումն է ՀՀ-ի եւ Արցախի փրկության շուրջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: