Վեհափառը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ, ես որակում տալ չեմ ուզում․ Տեր Եսայի
Անկախ եկեղեցու առջև ծառացած դժվարություններից ու մարտահրավերներից՝ Սուրբ Ծննդյան խորհուրդը մեզանում շարունակում է իր կենսական, կարևոր և լուսավոր ավետիսով յուրաքանչյուրիս մխիթարել և նաև առաջնորդել Սուրբ եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ պատարագին և հաղորդակից լինելու Քրիստոսի ծննդյան խորհրդին։ Այս մասին այսօր Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Գիտեք, որ այսօր ճրագալույց է և շուտով բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի նախատոնական պատարագը և պատարագի վերջում կազդարարվի Քրիստոսի ծննդյան ավետիսը ու նաև այսօր ճրագալույցի պատարագի ավարտին մարդկանց կբաշխվի Քրիստոսին խորհրդանշող լույսը, որը նաև աղոթքով, հավատքով, որ Աստծո լույսը, Աստծո օրհնությունը պիտի թափանցի մեր երկիր, մեր կյանք և մեր ընտանիք»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ երեկվա դեպքից հետո, երբ 10 եպիսկոպոսները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փաստաթուղթ ստորագրեցին, արդյոք Վեհափառ Հայրապետը չի՞ փակում դռները այդ եպիսկոպոսներին ներելու առաջ, Տեր Եսային պատասխանեց. «Եկեք գնահատականներ ես չտամ կամ որևէ որակում այս պահին չեմ կարող տալ, ընթացքը ցույց կտա։ Վեհափառ Հայրապետը ինքը կորոշի»։
Իսկ հարցին՝ տեսնո՞ւմ է այդ եպիսկոպոսների վերադարձի ճանապարհ, նա պատասխանեց. «Քրիստոնեությունը այն կրոնն է, որ միշտ տալիս է այդ հնարավորությունը ապաշխարելու և ետ դառնալու։ Ես ձեռնպահ եմ կմնամ որևէ ուղերձից սրբազաններին ուղղված՝ հաշվի առնելով և իմ հանգամանքը, և իրենց հանգամանքը։ Մենք արդեն հայտարարել ենք, որ այդ հայտարարությունը սահմանադրության խախտում է և հուսանք, որ իրավապահ մարմինները անդրադարձ կունենան»։


