շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի քննարկում ընդհանրապես չկա օրակարգում. Մհեր Գրիգորյան

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի քննարկում ընդհանրապես չկա օրակարգում. Մհեր Գրիգորյան

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով եռակողմ քննարկումներին։

Այս առնչությամբ նա, մասնավորապես, նշեց. ՛՛Վարդենիս-Մարտակերտ ճանապարհ չի քննարկվում, ընդհանրապես չկա օրակարգում։ Եվ ընդհանրապես մենք քննարկում ենք և եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը կազմակերպում ենք հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում և այդ շրջանակներից դուրս չեմ գալիս։ Կոմերսանտի հրապարակման մեջ խոսքը գնում էր երկաթգիծ-ավտոճանապարհ միասին հարավային սահմանով անցնելու տարբերակին։

Երկաթգիծ, այո, քննարկվում է, հարավային երթակգծի վերականգնման հարց, ճանապարհ, ոչ, չի քննարկվում, որովհետև վերականգնելու բան չկա, այնտեղ ճանապարհ չի եղել։ Խոսքը վերաբերում է ապաշրջափակմանը դասական իմաստով, այսինքն՝ գործող ենթակառուցվածքներով հնարավորություն տալ փոխադարձ օգտագործել տարածաշրջանում բոլոր հնարավոր երկրներին՛՛։

Շարունակելով թեման՝ ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց՝ արդյոք խոսվու՞մ է բոլոր նախկին ճանապարհների վերագործարկման մասին՝ ներառյալ Երևանից Նախիջևանով Մեղրի ճանապարհը կամ Գյումրի-Կարսը, ինչին ի պատասխան՝ Գրիգորյանը նշեց, որ ճանապարհների վերաբերյալ այս պահին կոնսենսուս չկա, առաջարկները շատ են։

Նա հավելեց. ՛՛Բայց ասել, որ կա պատրաստի քարտեզ ավտոճանապարհների մասով, թե որոնք են շահագործվելու, դեռևս չկա ընդհանուր հայտարար կամ ընկալում։ Երկաթգծի մասով ավելի ընդհանուր պատկերացումներ ու մոտեցումներ, այո, կան՛՛:

Գրիգորյանն ասաց, որ քննարկում է միայն նախկինում գործող ճանապարհների ապաշրջափակման հարցը:

՛՛Այժմ աշխատանքային խումբը քննարկում է նախկին ԽՍՀՄ հարավային սահմանի երկայնքով, մասնավորապես՝ Երեւանի, Նախիջեւանի եւ Մեղրիի միջեւ երկաթուղու բացումը, որը այնուհետեւ ձգվելու է արեւելք։ Նույն երթուղով ավտոճանապարհի կառուցում չի քննարկվում, քանի որ, կրկնում եմ, մենք գործում ենք բացառապես 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում, իսկ այնտեղ խոսվում է միայն նախկին կոմունիկացիաների վերականգնման մասին՛՛,-պարզաբանեց Գրիգորյանը։

  • Կիսվել: