կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և փոխդեսպան, զարգացման համագործակցության հարցերով ղեկավար Կլաս Վալդենստրյոմին ու քաղաքական և տնտեսական հարցերով աշխատակից Դավիթ Դիլանյանին։

Ինչպես տեղեկացանք Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Ահարոն Խաչատրյանը  նախ ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել այցի համար, ապա ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծած ագրեսիայի, համայնքի կրած վնասների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբեր ամսին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վարդենիս համայնքում բնակություն հաստատած արցախահայերի սոցիալ-տնտեսական վիճակը։

Պատրիկ Սվենսոնը հետաքրքրվել է համայնքում իրականացվող զարգացման ծրագրերի, տնտեսական ձեռքբերումների, հեռանկարային ու առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտների, բնակչության զբաղվածության մասին։

Արտակարգ և լիազոր դեսպանը հավաստիացրել է, որ վերջին տարիներին Հայաստանի հետ համագործակցության աճ, դրական դինամիկա է նկատվում գրեթե բոլոր ոլորտներում։ Պատրիկ Սվենսոնը միաժամանակ հույս  է հայտնել, որ առաջիկայում իրականացվող ծրագրերի շրջանակը կընդլայնվի կողմերի փոխըմբռնման ու համագործակցության խորացման պայմաններում։

  • Կիսվել: